211652_close_icon
views-count9839 դիտում article-date 10:11 04-10-2017

Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ ռուսական մամուլը հոգեբանական գրոհ է իրականացնում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաները պատրաստվում են տարածաշրջան հերթական այցին, որն առաջինը կլինի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի համար: Այցի բուն նպատակը լինելու է Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպումը, ինչի մասին հայտարարվել է նախապես: Հատկանշական է, որ համանախագահների տարածաշրջանային այցին ընդառաջ Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են ի հայտ գալիս ռուսական մամուլում այն մասին, որ Սարգսյան-Ալիև հանդիպմանը պետք է քննարկվի «Լավրովի պլանն» ու ապահովվի առաջընթաց, այլապես պատերազմն անխուսափելի է: Իսկ պատերազմը կանխելու համար, ըստ այդ հրապարակումների, Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի և այդ քայլերի առումով ակնարկվում է Հայաստանում Սերժ Սարգսյանից ազատվելու անհրաժեշտության մասին: Ակնհայտ է, որ գործ ունենք Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ Սարգսյանի վրա հոգեբանական գրոհի հետ: Ռուսաստանն է իրականացնում այդ գրոհը, թե Ռուսաստանի օգնությամբ փորձում է դա անել Ադրբեջանը: Իհարկե բավական բարդ է ասել, սակայն լիովին պարզ է դրա շարժառիթը: Բանն այն է, որ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կարող է դառնալ բանակցային նոր փուլի սկիզբ, որտեղ բուն խնդիրը ոչ թե կարգավորման որևէ պլանն է, այլ, այսպես ասած, իմիտացիոն նոր գործընթաց, որը կլինի ներկայիս թեկուզ հարաբերական կայունությունը շարունակելու նվազագույնը միջնաժամկետ մեխանիզմ, մինչ առավել հուսալի միջազգային մեխանիզմ ձևավորելու հնարավորությունը: Ըստ էության, համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան փորձում են Սարգսյան-Ալիև բանակցության միջոցով հասնել միջանկյալ մի հանգրվանի, որը թույլ կտա կանխատեսելի ժամանակ շահել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների առավել ինստիտուցիոնալ հարցն առաջ տանելու համար: Ադրբեջանը ներկայումս հայտնվելով բավականին բարդ վիճակում՝ անկարող է միայնակ դիմադրել այդ գործընթացին: Եվ այստեղ Բաքուն անկասկած ապավինում է Ռուսաստանի աջակցությանը, որպեսզի Ռուսաստանի օգնությամբ խափանվի Սարգսյան-Ալիև հանդիպմամբ իմիտացիոն նոր փուլ սկզբնավորելու որևէ պայմանավորվածություն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր