211652_close_icon
views-count4360 դիտում article-date 18:20 03-10-2017

Հայաստան են այցելել գինու խոշոր գնորդներ. գինու արտահանման նոր հնարավորություններ են բացվում

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ քառօրյա այցով Հայաստան էին ժամանել գինու խոշոր գնորդներ աշխարհի 6 երկրներից: Այս մասին [url=http://minagro.am/2017/10/հայկական-գինու-արտահանման-նոր-հնարավ/]տեղեկացնում է[/url] ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Լեհաստանը, Լիտվան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան և Բալթյան երկրները ներկայացնող գինու վաճառքի մասնագետները հիմնադրամի մասնագիտական խմբի ուղեկցությամբ Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում ծանոթացել են տեղական գինու արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին և առանձնահատկություններին, հայկական գինիների տեսականուն, հայկական գինեգործության հազարամյա ավանդույթներին: Գնորդները «Տրինիտի», «Գետնատուն», «Վան Արդի», «Արմենիա Վայն», «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս», «Պռոշյանի», «Ոսկեվազի» գինու գործարաններում ծանոթացել են արտադրական գործընթացին, գործարանների առանձնահատկություններին և արտադրական ծավալներին: Գործնական քննարկումներ են անցկացվել գործարանների սեփականատերերի և գինեգործների հետ՝ արտահանման թիրախային շուկաներում հայկական գինիների ծավալներն ընդլայնելու ուղղությամբ: Հյուրերին հատկապես ոգևորել է Արենի քարանձավ կատարած այցելությունը, որտեղ վերջիններս ծանոթացել են հայ գինեգործական ավանդույթների ավելի քան 6200-ամյա պատմությանը։ Հնագույն գինեգործական համալիրը տպավորել է օտարերկրյա մասնագետներին․ «Հայաստանն անչափ գրավիչ երկիր է, ես պարզապես ապշած եմ քարանձավը տեսնելուց հետո: Ձեր երկիրը հզոր գինեգործական պատմություն և արտահանման մեծ ներուժ ունի»,-նշել է Յուլիա Մաքսիմովսկայան, ով ժամանել է Մեծ Բրիտանիայից։ Այցի շրջանակներում գնորդները մասնակցել են Արցախում կայացած գինու փառատոնին, ծանոթացել տեղական գինիների տեսականուն, այցելել են «Կատարո» գինու բրենդը ներկայացնող «Անուշ-1» և «Բերդաշեն» գինու բրենդը ներկայացնող Ստեփանակերտի կոնյակի և գինու գործարաններ: Այցի ավարտին հիմնադրամի կողմից կազմակերպած B2B հանդիպման շրջանակներում հայկական գինի արտադրող 16 ընկերությունների ներկայացուցիչներ հանդիպում են ունեցել գնորդների հետ, անցկացվել է գինիների համտես, քննարկվել են հետագա համագործակցության, պայմանագրեր կնքելու և արտահանման հեռանկարները: Գնորդները բարձր են գնահատել տեղական խաղողի, ինչպես նաև մրգային հումքով պատրաստված գինիները՝ նշելով, որ դրանք լիովին համապատասխանում են միջազգային շուկայի պահանջներին:

Նմանատիպ նյութեր