211652_close_icon
views-count6589 դիտում article-date 10:29 30-09-2017

Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեն չի ազդի Հարավային Կովկասում իրավիճակի վրա. «Ամերիկայի ձայն»

Իրաքի Քրդստանում անցած անկախության հանրաքվեն չի ազդելու Հարավային Կովկասում իրավիճակի վրա, քանի որ այն չի կարող իրական անկախության հանգեցնել: Դրա համար չկան անհրաժեշտ պայմաններ, նշել են ամերիկյան մի շարք վերլուծաբաններ՝ ելույթ ունենալով SETA թուրք-ամերիկյան հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը: «Չեմ տեսնում, թե ինչպես նման բան կարող է տեղի ունենալ: Առանց տարածաշրջանային ուժերից գոնե մեկի աջակցության դա անհնար է», - ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դենիս Նաթալիի կարծիքով, Իրաքի քրդերի կողմից անցկացված հանրաքվեն իրականում բացասական դեր խաղաց՝ քրդերի դեմ միավորելով Իրաքի շիա և սունի համայնքներին, որոնք դեմ են երկրի պառակտմանը: «Ավելին, այս հանրաքվեն թուլացրեց քրդական շրջանի նկատմամբ ստեղծված միջազգային բարյացակամ վերաբերմունքը»: Ջոնս Հոփքինզի համալսարանի առաջադեմ միջազգային հետազոտությունների դպրոցի վերլուծաբան Դենիել Սերվերը խորհուրդ է տալիս չմոռանալ, որ քրդերն անկախություն ցանկանալու իրական պատճառներ ունեն. «Նույն Թուրքիայում քրդերի ճնշումները Իրաքի Քրդստանի ներսում ապրող մարդկանց առիթ է տալիս ասելու, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան քրդերի հետ պատշաճ չի վարվում»: Միևնույն ժամանակ, վերլուծաբանի խոսքով, հանրաքվե անցկացնելը բավարար չէ անկախություն ստանալու համար. «Անկախություն չեն ստանում այն հռչակելով, հակառակ դեպքում, ցանկացած մեկը կարող էր դա անել»: Անկախություն հռչակած շրջանների մեծ մասը տապալվում է, իսկ մյուս մասը պատերազմի ներգրավվում, նշում է Սերվերը. «Իրաքի քրդերը եթե նույնիսկ անկախանան, ծով չեն ունենալու, իսկ նրանց անհրաժեշտ է լինելու մեծ քանակության նավթ և գազ վաճառել: Սակայն, հարևանները նրանց չեն ցանկանում թույլ տալ դա անել»: Այսպիսով, եթե Քրդստանի սահմանակից երկրներից գոնե որևէ մեկը չփոխի իր բացասական դիրքորոշումը քրդերի անկախացման վերաբերյալ, իսկ դրա հեռանկարները մոտ ապագայում չեն երևում, քրդերի անկախ պետությունը պատրանք կմնա, նշում են վերլուծաբանները: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4050373.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր