211652_close_icon
views-count10395 դիտում article-date 22:27 29-09-2017

Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում՝ նոր ցուցահանդես է բացվել

Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանում տեղի է ունեցել «Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը» խորագրով նոր ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի, «Էրեբունի» ապատմահնագիտական արգելոց-թանգարանի և ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության համագործակցությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը: Ցուցահանդեսի նպատակն է ընդգծել բնության դերն ու նշանակությունը ուրարտական ժառանգության ստեղծման և պահպանման կարևոր գործում: Ցուցահանդեսը ներկայացնող պատկերազարդ տեղեկատվական պաստառներում ընդգրկված են մի շարք ուրարտական բնակավայրեր, որոնց օրինակով ցուցադրված են բնության մեջ ուրարտական քաղաքների տեղադրության առանձնահատկությունները, բնական լանդշաֆտի ճիշտ օգտագործման, պահպանության և ռազմավարական խնդիրների համադրության սկզբունքները, ինչպես նաև ուրարտացիների կողմից ջրանցքների, արհեստական լճերի, կամուրջների կառուցման նշանակությունը գյուղատնտեսության զարգացման գործում: «Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը» ցուցահանդեսի դռներն այցելուների համար բաց կլինեն մինչև հոկտեմբերի 29-ը:

Նմանատիպ նյութեր