211652_close_icon
views-count6118 դիտում article-date 15:47 29-09-2017

Էդուարդ Շարմազանովն ընդունել է Եզդիների համերաշխութան միջազգային կոմիտեի անդամներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստան ժամանած Եզդիների համերաշխութան միջազգային կոմիտեի անդամներին, որի կազմում էին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ալի Աթալանը, ՌԴ Յարոսլավլի մարզային դումայի պատգամավոր Միխայիլ Խալաթյանը, Սիրիայի եզդիների միության ղեկավար Հիմադ Յուսիվը եւ այլք: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովը եւ Ռուստամ Մախմուդյանը: Ողջունելով հյուրերի այցը Հայաստանի խորհրդարան՝ Էդուարդ Շարմազանովը եղբայրական է գնահատել հայ-եզդիական դարավոր հարաբերությունները եւ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է մեր երկրում իրականացված սահմանադրական փոփոխություններին եւ նշել, որ այսուհետ խորհրդարանում իրենց տեղերն ունեն եւ իրենց խնդիրների մասին կարող են բարձրաձայնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Անդրադառնալով երկու ժողովուրդների անցած ճանապարհին` ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է մարդկության դեմ կատարված եւ կատարվող հանցագործությունների դեմ միասնական պայքարն ու այլ, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերի շուրջ համախմբումը: Խոսելով եզդիների նկատմամբ տարբեր ժամանակներում իրականացված բռնությունների վերաբերյալ` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից դեռեւս 2014 թվականին դատապարտել է Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ իրականացված անմարդկային բռնություններն ու հանցագործությունները: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ գալիք տարի լրանում է ՄԱԿ-ի կողմից 1948 թվականին ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» 70-ամյակը, եւ Հայաստանն այս շրջանակներում հանդես է գալու նոր նախաձեռնություններով՝ ընդդեմ ցեղասպան քաղաքականության: Հանդիպման ընթացքում հյուրերը շնորհակալություն են հայտնել Հայաստանի խորհրդարանում հյուրընկալվելու համար եւ ընդգծել հայ եւ եզդի ժողովուրդների՝ պատմության քառուղիներում ունեցած ընդհանրություններն ու անցած ճանապարհը, կարեւորել ապագային ուղղված նրանց միասնական քայլերը: Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ալի Աթալանը կարեւորել է ընդհանուր խնդիրների լուծմանն ուղղված՝ երկու ժողովուրդների ջանքերի համախմբումը, անհրաժեշտ համարել եզդիների նկատմամբ իրականացված հանցագործությունների դատապարտումը:

Նմանատիպ նյութեր