211652_close_icon
views-count8735 դիտում article-date 10:33 29-09-2017

Օրենքը թույլ է տալիս. Վարդան Ղուկասյանը դիմել է ԱԺ-ին՝ Երևանում վարձակալած իր բնակարանի գումարը փոխհատուցելու համար. «Ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Armtimes.com-ի՝ Ազգային ժողովի աղբյուրները փոխանցում են, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դիմել է ԱԺ ղեկավարությանը, որպեսզի ԱԺ-ն փոխհատուցի Երևանում վարձակալած իր բնակարանի գումարը»: ՀԺ-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաև Ղուկասյանը. «Օրենքը դա թույլ է տալիս, և ես ուզում եմ օգտվել օրենքի՝ ինձ ընձեռած հնարավորություններից»: Դիտարկմանը, թե ամեն օր Գյումրիից Երևան գնալ-գալը բա՞րդ է, Ղուկասյանն ասաց. «Դա ու՞մ գործն է, ինչո՞ւ եք իմ անձնականից հարցնում: Եթե ասեմ, որ դժվար է, ո՞վ է օգնելու, դու կարո՞ղ ես մի բանով օգնել»։ Մեր հարցին, թե մայրաքաղաքում տուն չունե՞ք, պատգամավորը ասաց. «Չէ, ցավոք սրտի: Ես օլիգարխ չեմ»: Նշենք, որ օրենքը թույլ է տալիս փոխհատուցել պատգամավորի վարձակալած բնակարանի համար: Ինչպես մեզ տեղեկացրեց ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը, այդ գումարը չի կարող գերազանցել 100 հազար ՀՀ դրամի սահմանը: Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի բնակարաններին՝ նշենք, որ նա Գյումրիի սկանդալներով ամենահայտնի «Սլաբոտկա» կոչվող թաղամասում ունի շքեղ երկհարկանի առանձնատուն»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր