211652_close_icon
views-count34656 դիտում article-date 09:19 29-09-2017

Արդյո՞ք մերսման սրահի աշխատակիցները արդարացի են դատապարտվում

Մերսման սրահների և անհատ մերսողների՝ համացանցում տեղադրած գովազդներով առաջարկվում են բուժական և ոչ բուժական (հանգստացնող) մերսումներ, իսկ ոչ բուժական մերսումների շարքում առաջարկվում են «ռելաքս», «սպորտային», «էրո», «վիպ» և այլանվանումներով մերսումներ, որոնց էությունն ու բովանդակությունն օրենսդրորեն կարգավորված չեն: Վերջին շրջանում իրար հետևից դատվում են մերսման սրահներ աշխատեցնող անձինք: Հարցը նրանում է, որ որոշ տեսակի ոչ բուժական մերսումների միջոցով բավարարվում են հաճախորդների սեռական կրքերը՝ առանց հաճախորդի հետ սեռական հարաբերության: Նման դեպքերի համար իրավապահ մարմինները պրակտիկա են ձևավորել և մերսման սրահներ աշխատեցնողներին դատի են տալիս քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար: Իրենց հերթին մերսման սրահներ աշխատեցնողները գտնում են, որ իրենց ղեկավարած սրահներում պոռնկությամբ չեն զբաղվում, իրենց մերսողները հաճախորդների հետ սեռական կապի մեջ չեն մտնում, հետևաբար՝ այդ հոդվածն իրենց նկատմամբ կիրառվում է հանիրավի: Իրավամբ, ՀՀ քրեական օրենսգրքում «պոռնկություն» եզրույթի բնորոշումը տրված չէ, իսկ բառի իմաստաբանական բացատրությունը չի համապատասխանում քրեաիրավական բովանդակությանը: Մասնագետները փաստում են, որ նույն «պոռնկություն» եզրույթը քրեական օրենսգրքում օգտագործվել է տարբեր սահմաններով: Դատարանները տարածական մեկնաբանության են ենթարկում «պոռնկություն» եզրույթի քրեաիրավական բովանդակությունը, ինչը հանգեցնում է քրեական պատասխանատվության սահմանների անարդարացի ընդյալնման: Դատարանների կողմից խախտվում է «Չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» հանրաճանաչ սկզբունքը, այսինքն՝ անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության այնպիսի արարքի համար, որն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր