211652_close_icon
views-count5827 դիտում article-date 18:32 28-09-2017

Մեկնարկել է Արցախի Հանրապետության ԱԺ 6-րդ գումարման 6-րդ նստաշրջանը

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում մեկնարկել է վեցերորդ գումարման Ազգային ժողովի հերթական՝ վեցերորդ նստաշրջանի անդրանիկ լիագումար նիստը: Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, ամփոփելով նախորդ ամիսներին Ազգային ժողովի կատարած աշխատանքները, անդրադարձել է օրենսդրական գործունեությանը և արտաքին կապերի ուղղությամբ ձեռնարկված քայլերին: Խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է նստաշրջանի, ապա նաև՝ սեպտեմբերի 28-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Այնուհետև խորհրդարանի նախագահը առաջարկել է 6-րդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին որոշման նախագիծ: Կանոնակարգի 30-րդ հոդվածի 2 կետի համաձայն հաշվիչ հանձնախումբը գործելու է մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ 2020թ.-ը: ԱԺ որոշման նախագիծն ընդունվել է քվեարկությամբ, իսկ հաշվիչ հանձբախմբի անհատական կազմը կհաստատվի ԱԺ նախագահի կարգադրությամբ: Անցնելով օրենսդրական աշխատանքներին՝ Աշոտ Ղուլյանը նախ շնորհավորել է նիստին ներկա կառավարության նոր անդամներին՝ նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը ներկայացրել է «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Փաթեթի ընդունումը, ըստ զեկուցողի, պայմանավորված է էլեկտրաէներգետիկայի կարգավորման ոլորտում մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն ավելի դյուրին դարձնել հզորությունների ստեղծման լիցենզավորման գործընթացը՝ միասնականացնելով և ավելի կարճ ժամկետներ սահմանելով դրանց համար: ԱՀ ԱԺ գլխադասային՝ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը դրական եզրակացությամբ երաշխավորել է օրինագիծը, որից հետո խորհրդարանը քվեարկել և ընդունել է այն: ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը, որի համաձայն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 14,9% տնտեսական աճ, համախառն ներքին արդյունքը կազմել է 102,2 մլրդ դրամ: Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել Գագիկ Բաղունցը: Ընդմիջումից հետո, «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, տեղի է ունեցել օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ, որին մասնակցել են Կառավարության անդամները՝ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշել է. «Արցախի Հանրապետության Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո քսանօրյա ժամկետում ձևավորվել և հրապարակվել է Կառավարության կազմը: Այս կապակցությամբ, Ազգային ժողովի անունից շնորհավորում եմ Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին ու մաղթում անսպառ եռանդ ու վճռականություն՝ երկրի զարգացմանն ու առաջընթացին ուղղված բոլոր նախաձեռնություններում»: Հանրապետության նախագահը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների առաջադրած՝ հուշարձանների պահպանությանն ու վերանորոգմանը, բուհական համակարգի խնդիրներին, կրթության ոլորտին բյուջեից հատկացվող միջոցներին, Ստեփանակերտում մարզահամերգային համալիրի կառուցմանը, բնապահպանական հարցերին, հանրակրթական դպրոցներում սննդի ապահովման, Մարտունու նորակառույց շրջանային հիվանդանոցի պայմաններին և առողջապահության ոլորտի մի շարք այլ հարցերին: [b] Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր