211652_close_icon
views-count7588 դիտում article-date 17:56 28-09-2017

Հաստատվեց Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման ծրագիրը

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման,վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2018 թվականի տարեկան ծրագիրը: Հիմնավորման համաձայն, ծրագիրը կապված է լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավման խնդրի հետ, ինչի համար անհրաժեշտ է ապահովել Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությունը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի բնական պաշարների կայուն օգտագործմանն ուղղված 2018 թ. նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարումը: «Ներկայում առաջնային են Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության և կառավարման հարցերը: Սևանի մակարդակի բարձրացումը նախատեսված է 7 մետրով: 2017թ. մայիսի 10-ի դրությամբ, Սևանա լճի մակարդակը 1900.76 մ է, ինչի շնորհիվ առաջացել են հիմնախնդիրներ՝ կապված ափամերձ անտառապատ ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքների իրականացման հետ: Ջրի տակ մնացող օրգանական նյութերի մեծ զանգվածները վտանգում են լճի վիճակը` ջրի աղտոտման տեսակետից: Լուրջ խնդիրներ են առաջացնում նաև ջրի տակ մնացած բազմաթիվ շինությունները և ենթակառուցվածքները: Միաժամանակ ջրի բարձր որակն ապահովելու համար կարևոր է կտրուկ բարելավել վիճակը` կապված մեծ քանակի չմաքրված կեղտաջրերի լիճ թափվելու հետ: Ներկայումս լճի շրջակայքում առկա բոլոր մաքրման կայանները չեն գործում»,- նշված է հիմնավորման մեջ: Ակնկալվում է, որ արդյունքում կբարձրանա լճի մակարդակը, կպահպանվի լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանությունը, կբարելավվի կենսապաշարների կայուն օգտագործումը, կմաքրվեն ափամերձ ջրա­ծածկ տարածքների անտառաշերտերը, արդյունավետ կզարգանա ռեկրեացիան, կբարելավվի կենցա­­­ղային թափոնների կառավարումը և այլն:

Նմանատիպ նյութեր