Կառավարությունը հնդիկ ներդրողներին լիակատար պաշտպանություն և ապահովագրություն է երաշխավորում
2017.09.28 16:12


Կառավարությունն այսօր համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Նախագծով սահմանված են երկու երկրների միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Նախագիծը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությանը համաձայն:
Նախագիծը ներառում է հոդվածներ` ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, սեփականազրկման կամ օտարման խնդիրների կարգավորման և համապատասխան փոխհատուցումների, պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ:
