211652_close_icon
views-count19098 դիտում article-date 10:53 28-09-2017

Դիակապտության տարբեր ձևերը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երեկ առավոտյան Շրջանայինի հատվածում ողբերգական վթար էր տեղի ունեցել, բեռնատարի վարորդը մահացել էր: Բեռնատարը սննդամթերք էր տեղափոխում, որի պարկերը հայտնվել էին գետնին: Lragir.am-ը նկատել էր և տեսագրել, որ մի կին վերցրել ու տանում էր պարկերից մեկը, ասելով՝ «մեկ ա, սաղ տանում են»: Մեկնաբանություններ՝ «էս ո՞ւր են հասցրել խեղճ ժողովրդին», «բա մարդիկ մի պարկ մակարոնի են կարոտ», «իշխանավորները վատ օրինակ են ծառայում՝ նրանք գողանում են, ժողովուրդն էլ է գողանում»: Անդրադառնանք այդ «հոգոցներին» հերթականությամբ: 1988-ի երկրաշարժի ժամանակ, երբ վիշտն ու ողբերգությունը հազարապատիկ ավելի մեծ էին, մարդիկ` Խորհրդային Հայաստանի բնակիչները, դիակապտությամբ չէի՞ն զբաղվում, չէի՞ն մտնում ավերված տները և տանում այն, ինչ արժեքավոր էին համարում: Ի՞նչ է` այդ մարդիկ սովա՞ծ էին: Կամ 2005 թվականին, երբ «Քեթրին» մրրիկը ավերել էր Նոր Օռլեանը, չկայի՞ն ավազակախմբեր, որոնք նույնն էին անում: Թե՞ ամերիկացիներն էլ են «մի կտոր հացի կարոտ» կամ, ավազակությամբ զբաղվելով, իրենց յուրահատուկ բողոքն էին արտահայտում Ջորջ Բուշ կրտսերի քաղաքականության դեմ: Գուցե ավազակները մտնում էին լքված բնակելի շենքերը, խանութներն ու հիվանդանոցներն այն պատճառով, որ Բուշի վարչակազմը նրանց վատ օրինա՞կ էր ծառայում: Այնպես որ, հասարակության բարոյականության մակարդակը պայմանավորված չէ նյութական վիճակով, «ռեժիմով», իշխանություններով և մնացած բաներով: Հայաստանում կան հազարավոր, իսկ աշխարհում՝ միլիոնավոր մարդիկ, որոնք տասնյակ, հարյուրավոր անգամներ ավելի վատ են ապրում, քան մակարոնի պարկ տանող կինը, բայց իրենց արժանապատվությունից ցածր են համարում գետնից մի փշուր վերցնել և գրպանը դնել: Կարելի է ապրել խրճիթում ու լինել կայացած ու երջանիկ, կարելի է նաև ապրել երեքհարկանի առանձնատանը և նախանձել դիմացի չորսհարկանի առանձնատուն ունեցող հարևանին՝ արդարացնելով սեփական հանցագործությունները դիմացինի ավելի մեծ հանցագործություններով: Մարդիկ ամեն տեղ գրեթե նույնն են՝ ամեն տեղ կան արժանապատիվ, պարկեշտ մարդիկ, կան նաև դիակապտությամբ զբաղվողներ: Ասում եմ՝ «գրեթե», որովհետև ենթադրում եմ, որ Ճապոնիայում, օրինակ, աղետի ժամանակ մարդիկ իրենց այնպես չեն դրսևորում, ինչպես Հայաստանում կամ ԱՄՆ-ում (գուցե սխալվում եմ): Բայց հասարակություններն ունեն, այնուամենայնիվ, իրենց առանձնահատկությունները: Մեր հասարակությունը սիրում է, այսպես ասած, «գլխին մոխիր» լցնել և ամեն մի տգեղ արարք բացատրել «ռեժիմով», իշխանություններով, աշխարհագրական դիրքով և հայ ժողովրդի դժբախտ ճակատագրով: Ամերիկացիները դժվար թե այդքան «խորանան»: ... Երեկ Aravot.am-ի ամենակարդացված նյութն էր Կրասնոդարում կանիբալիզմի մասին տեղեկությունը, որը ոչ թարմ էր, ոչ էլ մեր բացառիկը: Այդ «նախապատվությունն» էլ է դիակապտության նման մի բան»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր