211652_close_icon
views-count11024 դիտում article-date 18:27 27-09-2017

Անհնարինը՝ հնարավոր. չտեսնող մարդկանց համար Արարատի գագաթ բարձրանալը ամենևին ֆանտաստիկայի ժանրից չէ

խումբ չտեսնողներ, իրենց ընկերոջ՝ լեռնագնաց Իսկուհի Մկրտչյանի նախաձեռնությամբ առաջին անգամ 2014 թ. բարձրացան Հատիս լեռ: Բոլորը կարծում էին, թե դրանով այդ ամենը պետք է ավարտվի: Սակայն թե՛ չտեսնողները, և թե՛ նրանց տեսնող ուղեկցողնորը այնքան ոգևորված էին, որ նախաձեռնությունը դարձավ շարունակական: Արդեն շատ լեռներ ենք բարձրացել միասին, որոշները նույնիսկ երկու անգամ. դրանց թվում են Հատիս, Արա, Ծաղկունյաց, Արտանիշ և նույնիսկ Արագած լեռան հարավային գագաթը: Այս վերելքների ժամանակ մեր միակ կորուստը մեր ընկերներից մեկի հին կոշիկներն են եղել , ուրիշ կորուստներ չենք ունեցել: Ընդհանուր մասնակցել են տասներեք երիտասարդ, որոնց մեծ մասի տեսողությունը զրո տոկոս է, միայն երեքն ունեն մեկ տոկոս տեսողություն: Այդ հերոսների անուններին են. Տարոն Հովակիմյան Նունե Ֆիդանյան Պատվական Ռևազյան Մարիկա Սիրադեղյան Սիփան Ասատրյան Վահե Արզումանյան Վրեժ Մանուկյան Արփինե Մարտիրոսյան Քրիստինե Աղաջանյան Քրիստինե Հովհաննիսյան Ալինա Հարությունյան Հայկ Պապիկյան Անուշ Մխիթարյան, (տեսողական խնդիրներով երիտասարդներ) Իսկուհի Մկրտչյանին օգնող բարի և ուժեղ ընկերների անունները չեմ նշում, քանի որ վախենում եմ հանկարծ մեկին մոռանալ: Իսկ դա ինձ չեմ ների քանի, որ նրանց օգնությունը, ուշադրությունն ու հոգատարությունը լեռան վրա անգին է: Չեք պատկերացնի, թե ինչ երջանկություն է չտեսնող մարդու համար անմատչելի թվացող բարձունքներ հաղթահարելը և լեռնագագաթին ամրացված երկաթե եռանկյունուն փարվելը: Դրանից թերևս գերագույն զգացողություն մենք քիչ ենք ապրում մեր կյանքում: Անհնարին է նկարագրել թե ինչ ենք զգում հասնելով գագաթ, վայելելով հայկական լեռնաշխարհի չնաշխարհիկ բնությունը, շնչելով լեռնագագաթների մաքուր օդը, և խմելով լեռնային աղբյուրների կենաց ջուրը: Լեռնագնացությունը չտեսնող մարդկանց տալիս է բացառիկ հնարավորություն՝ կատարելու մի այնպիսի բան, որը շատերը միգուցե չհամարձակվեին անել: Դա քայլ է դեպի ազատություն: Մեզանից շատերն առաջին անգամ լեռներում են քայլում առանց կողքի տեսնող մարդուն հենվելու, մենք քայլում են ՄԵՆԱԿ, ինչը անհավանական հրաշք է: Հայաստանյան իրականության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ ստեղծված թյուր կարծրատիպերը, որոնք լուրջ անջրպետ են հանդիսանում հասարակության ու պետության տարբեր ոլորտներում հաշմանդամություն ունեցող մարդկանց ներգրավվածության հարցում, կարող են քանդվել նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ: Ցավոք սրտի մենք շատ ջանք, եռանդ ու ժամանակ ենք ծախսում՝ մարդկանց ապացուցելու, որ մենք էլ կարող ենք ապրել ինչպես բոլորը, մենք էլ կարող ենք կատարել բաներ, որոնք անհնար են թվում մարդկանց, մենք էլ կարող ենք աշխատել, ամուսնանալ, երեխաներ ունենալ և նույնիսկ՝ օգտվել մեր ինքնուրույն տեղաշարժվելու և բազմաթիվ այլ իրավունքներից: Այլ հարց է, թե որքանով են հասարակությունն ու պետությունը պատրաստ ընդունել և որոշակի աջակցություն ցուցաբերել մեզ՝ այդ ամենն ունենալու հարցում: Պարզապես մենք ստիպված ենք անընդհատ ապացուցել մեր գոյության փաստը, ինչն անհեթեթ և վիրավորական է համարվում այլ երկրներում: Չկարծեք, թե մեր ձեռքից բռնած մեզ ուղեկցում են մինչև գագաթ: Ամենևին. մեզ անհրաժեշտ է միայն ուղղորդել՝ ներկայացնելով ճանապարհը կամ պարզապես գնալով մեր առջևից: Արագածի հարավային գագաթ, ինչպես նաև Արտանիշ լեռ բարձրանալիս մեզ հետ է եղել ընդամենը երկու ուղեկցող, պատկերացնու՞մ եք, Արտանիշ լեռան վրա յոթ կույր մարդու հետ միայն երկու տեսնող ուղեկցող, մեկը խմբի առջևից, մյուսը՝ հետևից մեզ հետ քայլելով: Առաջին վերելքին չտեսնողներից շատ տեսնողներ էին ներգրավված վերելքին: Սակայն փորձը ցույց տվեց, որ երկու փորձառու ուղեկցողի աջակցությամբ ևս կարելի է ապահով հասնել լեռնագագաթ: Ի դեպ՝ Արագածի հարավային գագաթ հասանք ամենադժվար ճանապարհով: Մեզ ուղեկցող ընկերները կատարեցին մեր այդ խնդրանքը և հնարավորություն տվեցին հաղթահարել այդ լրջագույն վերելքը: Նշենք նաև, որ եթե այլ երկրներում հաշմանդամային սպորտը զարգանում է պետության աջակցությամբ, մեզ մոտ միայն որոշակի անհատներ են զբաղվում դրանով: Եթե այլ երկրներում հաշմանդամություն ունեցող անձն ունի կայուն աշխատանք և պետությունից աջակցություն ու կարողանում է իր ժամանցի համար ծախսել որքան սիրտն ուզի, մեզ մոտ միայն բարյացակամ մարդկանց շնորհիվ են նմանատիպ աշխատանքներ իրականացվում, որոնց մասին շատ կուզենայինք բարձրաձայնել: Մեր ամենամեծ երազանքն է բարձրանալ Արարատ լեռանի գագաթ, և գրեթե վստահ ենք, որ վաղ թե ուշ այդ երազանքը կիրականանա: Մեր լեռնային վերելքների նկարները կարող եք վայելել մեր ֆեյսբուքյան էջում: Մենք բաց ենք ընդունեու հարցերն ու առաջարկությունները: Միայն խնդրում ենք հիշեք, մենք կազմակերպություն չենք մենք խենթ մտածելակերպով, անհնարինը հնարավոր դարձնող խենթ ընկերների խումբ ենք. մեր խենթությունները նախաձեռնող և իրականացնող Իսկուհի Մկրտչյանի գլխավորությամբ: Եթե կգտնվեն մարդիկ կամ ընկերություններ, ովքեր կցանկանան աջակցել մեզ կամ մանրամասն տեղեկանալ նախաձեռնության մասին, խնդրում ենք գրել մեր [url=https://m.facebook.com/ImpossibleIsPossibleArmenia/?refid=52&__tn__=CH-R&_rdc=1&_rdr]ֆեյսբուքյան էջին[/url] կամ զանգահարել 094 13 00 07, 096 27 01 10 հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր