211652_close_icon
views-count10174 դիտում article-date 16:59 27-09-2017

Բրիտանացի պատգամավորների նկատմամբ մեղադրանքները պետք է հետաքննվեն. Ալան Դանքընը՝ ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի մասին

Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Ալան Դանքընն անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարության մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալներին: Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում «Միացյալ Թագավորություն և Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառման ընթացքում, պատասխանելով Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, Դանքընն ընդգծեց, որ եթե այդ կոռուպցիոն սկանդալների գործով բրիտանացի պատգամավորների նկատմամբ մեղադրանքներ կան, դրանք պետք է հետաքննվեն: «Կարծում եմ, որ նախարարի և խորհրդարանականի գործունեության միջև տարբերություն կա: Մենք չպետք է նրանց ասենք, թե ինչպես վարվեն: Որպես նախարարներ՝ մենք պետք է հեռավորություն պահպանենք պատգամավորների գործունեությունից: Բայց ես մտածում եմ այնպես, ինչպես դուք: Եթե կան մեղադրանքներ բրիտանացի պատգամավորների նկատմամբ, դրանք պետք է հետաքննվեն»,- նշեց նա: Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի դիտարկմանը, թե կոռուպցիոն սկանդալի գործում շոշափվել են նաև բրիտանացի պատգամավորների անուններ՝ Ալան Դանքընն ընդգծեց, որ ինքը բրիտանացի պատգամավորների անուններ այդ գործում չի տեսել: Նա նշեց, որ այդ գործը բացահայտելու համար հետաքննություն են իրականացրել բրիտանական այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են The Guardian-ը և BBC-ն: «Վերջին 40 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը պարբերաբար գրոհների է ենթարկվել The Guardian-ի կողմից: Դրա համար այն երբեք մեր սիրած պարբերականը չի եղել, սակայն նրանք միշտ լուրջ հետաքննություններ են իրականացրել թե միջազգային, թե ներքին հարցերով»,- ասաց նա: Դանքընի պատասխանին արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով նախագահում էր միջոցառումը. «Մենք կշարունակենք մեր հետաքննությունը Guardian-ի հետ, թե առանց նրա»:

Նմանատիպ նյութեր