211652_close_icon
views-count8253 դիտում article-date 19:05 26-09-2017

Չենք ընդունի, որ այս տարածաշրջանի որևէ մասը դառնա բացառիկ ազդեցության գոտի․ Սվիտալսկի

«Այսօրվանից սկսեք ձեր ներքին նախապատրաստությունները, որովհետև Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկիր բազմաթիվ օրենսդրական և վարչարարական փոփոխություններ պետք է կատարի՝ անհրաժեշտ պահանջներին համապատասխանելու համար: Այնպես որ՝ ժամանակ մի կորցրեք և կատարեք ձեր տնային աշխատանքը, ու ես հուսով եմ՝ այդ պահը կգա»,- այսօր Արևելյան գործընկերության ծրագրի ապագային նվիրված քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նոյեմբերին Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրվելիք նոր համաձայնագրին անդրադառնալով, Սվիտալսկին շեշտեց, որ Բրյուսելում դրական են տրամադրված․ «Ես հավատում եմ, որ Բրյուսելի գագաթնաժողովից Հայաստանի համար լավ լուրեր կստացվեն»: Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում էլ նախատեսվում է Եվրամիության և Հայաստանի միջև Համափարպակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Սվիտալսկին անդրադարձավ նաև, իր բնորոշմամբ, «աշխարհաքաղաքական խաղերին», շեշտելով՝ ԵՄ-ն չի ուզում նման խաղերի մասնակիցը դառնալ: «Մենք չենք ուզում, որ մեզ դիտարկեն որպես ոչինչ չտվող խաղի մեջ ներգրավված կողմ: Եվրամիությունը չի ուզում այդ խաղը խաղալ: Մենք նաև հստակորեն մերժում ենք Եվրոպան կամ աշխարհի ցանկացած այլ մասը բացառիկ ազդեցության գոտիների բաժանելու գաղափարը»,- ասաց Սվիտալսկին, նշելով, որ չեն ընդունի, որ այս տարածաշրջանի որևէ մասը դառնա բացառիկ ազդեցության գոտի: Քննարկման կազմակերպիչ, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը տեղեկացրեց, որ ամռանն անցկացված հարցման տվյալներով հայ հասարակության մեծ մասը դրական է տրամադրված Եվրամիության հետ գործակցության խորացմանը:

Նմանատիպ նյութեր