211652_close_icon
views-count4931 դիտում article-date 17:53 26-09-2017

Ամեն ինչ արվում է, որ «Հյուսիս-հարավ» ծրագրում խախտումներ չլինեն՝ ոչ ֆինանսական, ոչ շինարարական. նախարար

Ասիական զարգացման բանկը ֆինանսավորում է «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածների մի մասի շինարարությունը: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն, անդրադառնալով «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցմանը: «Նախարարությունը և բանկը լավ համագործակցում են միմյանց հետ, ցանկացած ծրագիր քննարկում է և՛ այստեղ, և՛ այնտեղ, դիտարկում ենք ծրագիրը իրենց տեսանկյունից և մեր տեսանկյունից»,- ասաց նախարարը: Ինչ վերաբերում է չարաշահումներին և պետության կողմից պատշաճ վերահսկողությանը, ապա նախարարը նշեց, որ պետությունն անում է ամեն ինչ իրեն վերագրված գործառույթների սահմաններում. «Վստահ եղեք, որ վերահսկողության տակ է, ամեն ինչ արվում է, որ նման խախտումներ չլինեն՝ ոչ ֆինանսական, ոչ շինարարական»։ Վահան Մարտիրոսյանն ասաց, որ ճանապարհի Գյումրի-Բավրա հատվածի ֆինանսավորման հայտ դեռ չի ներկայացվել, քանի որ նախագծային մոտեցումները դեռ հստակեցված չեն, թե ինչ ճանապարհ է լինելու: «Բայց այդ աշխատանքները կատարվում են, և մյուս տարվա սկզբին կներկայացվի նաև նախագիծը: Իսկ «Հյուսիս-հարավ» ծրագրի հարավի հատվածում ամբողջական ծրագիրը վերջնական պատրաստ չէ»,- ասաց նա և նշեց, որ կարող են փոփոխություններ լինել:

Նմանատիպ նյութեր