211652_close_icon
views-count4331 դիտում article-date 17:44 22-09-2017

Ավարտվել են 13 ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատանքները

Ավարտվել են Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզերի ոռոգման համակարգերի 13 ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատաքները: Ծրագիրն իրագործվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակներում: 13 ջրանցքների ընդհանուր երկարությունը 96 կմ է, սպասարկման տարածքը՝ 8536.5 հա: «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակներում որոշվել է վերականգնել ջրանցքների առավել խնդրահարույց հատվածները, որոնց ընդհանուր երկարությունը կազմել է 57.26 կմ: Արդյունքում՝ կխնայվի տարեկան 23.577 մլն. մ³ ջուր և 315 հա-ով կընդլայնվեն ոռոգվող հողատարածքները: Վերականգնման համար առաջարկված 13 ջրանցքներից 10-ը վերցնում են ջուրը խոշոր ոռոգման/դրենաժային համակարգերից, իսկ մնացած երեքը՝ ուղղակիորեն գետերից: Ծրագրում ներգրավված հինգ բաժանարար ջրանցքների ջրհան կայանները (Ավշար-Այգավան, Արմաշ, Աչաջուրը, Նոյեմբերյան, Սարալանջ) վերականգնվել էին Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա -Հայաստան ծրագրի շրջանակներում, իսկ դրանց բաժանարար ջրանցքների վերականգնումը ավելի արդյունավետ կդարձնի նախկինում կատարված աշխատաքները: Նշենք, որ ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման ընդհանուր արժեքը կազմել է 3047.5 մլն. դրամ: [b] ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր