211652_close_icon
views-count4103 դիտում article-date 17:32 22-09-2017

ՀՀ-ն Եվրոպայի անքակտելի մասն է. Պյոտր Սվիտալսկի

Եվրամիությունը հիմա սկսել է քննարկումներ և գործողություններ իրականացնել, որոնք շատ լավ ընդգծում են նրա ապագա ձևը, և սա կարևոր է նաև Հայաստանի համար: Այս մասին այսօր «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2017» երիտասարդական խորհրդաժողովին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Եվրամիությունը ցանկանում է կառուցել բարգավաճման գոտի իր սահմանների կողքին: ԵՄ-ն չունի ոչ մի թաքնված օրակարգ, պարզապես ուզում է, որ իր հարակից երկրները դիմակայեն իրենց առջև կանգնած խնդիրներին և զարգանան: Հայաստանը ԵՄ-ի հետ սահման չունի, բայց սա վերաբերում է նաև Հայաստանին: ՀՀ-ն Եվրոպայի անքակտելի մասերից է և մենք ցանկանում ենք այս տարածաշրջանում շատ ակտիվ քաղաքականություն վարել: Սա է ԵՄ տեսակետը»,- նշեց Պյոտր Սվիտալսկին: Ըստ նրա՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններն այժմ երկկողմ են, ոչ թե բազմակողմ: Եվ շրջանակային համաձայնագիրը, որը նախատեսված է ստորագրել այս աշնանը, նույնպես վերաբերում է երկկողմ հարաբերություններին: «Հուսով եմ, որ ապագայում Հայաստանը ԵՄ-ն կդիտարկի որպես ամբողջական հարաբերությունների մաս` ԵՄ անդամ պետությունների հետ առանձին հարաբերություններում: Կարծում եմ՝ Հայաստանի համար կարևոր է, որ ԵՄ-ն չդիտարկվի պարզապես միջազգային կազմակերպություն, անհրաժեշտ է ԵՄ-ն դիտարկել որպես կարևոր գործոն»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Հայաստանի և ԵՄ-ի միջև տնտեսական հարաբերություններին, դեսպանը նշեց, որ այդ ներուժը շատ հեռու է ամբողջովին օգտագործված լինելուց, թեպետ Հայաստանի արտաքին առևտրի ծավալների մասով Եվրամիությունն առաջին տեղում է:

Նմանատիպ նյութեր