211652_close_icon
views-count3450 դիտում article-date 13:21 22-09-2017

Եվրախորհրդի կենտրոնակայանում նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 21-ին Եվրոպայի պալատում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, տեղի ունեցավ Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերվել էր ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից: Միջոցառմանը ներկա էին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդին, ՄԻԵԴ դատավորներ, ԵԽ անդամ և դիտորդ պետությունների դեսպաններ և դիվանագետներ, Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին, ԵԽ քարտուղարության և այլ մարմինների ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր այրեր և հայ համայնքի անդամներ: Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի դեսպան, մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ով իր խոսքում անդրադարձավ անկախությունից ի վեր Հայաստանի որդեգրած ուղուն` միտված խորքային բարեփոխումների միջոցով երկարաժամկետ զարգացման տեսլականի կյանքի կոչմանը: Անդրադառնալով անդամակցությունից ի վեր ԵԽ կառույցներորւմ ՀՀ ներգրավվածությանը` Հայաստանի դեսպանն ընդգծեց. «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցությունն արդյունավետ և հանձնառու երկխոսության արգասիք է: Եվրոպայի խորհուրդը մշտապես հանդիսացել է և շարունակում է արժեքավոր հենարան լինել Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման համար: Պատահական չէ, որ հենց Եվրոպայի խորհրդի փորձագիտական օժանդակությամբ է ապահովվել ՀՀ Սահմանադրական բարեփոխումների կայացումը, որի արդյունքում հաջողությամբ շարունակվում են իրագործվել նաև ներկայիս լայնածավալ օրենսդրական փոփոխությունները»: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, շնորհավորելով Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ, անդրադարձ կատարեց Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված սերտ համագործակցությանը և դրա արդյունքում արձանագրված արդյունքներին: Իր շնորհավորական ուղերձում Թորբյորն Յագլանդն անդրադարձավ նաև ուշագրավ մի դրվագի` կապված Նանսենյան անձնագրերի և դրանց միջոցով բազմաթիվ հայերի փրկության հետ: Գլխավոր քարտուղարը, մասնավորապես, նշեց. «Եթե մենք մտածենք ժողովուրդների մասին, նման գործեր կկատարվեն նորից: Դա արվեց ողբերգությունից հետո, ինչը հնարավորություն տվեց փրկելու կես միլիոն մարդկանց: Անձնագրերը ճանաչվում էին ավելի քան 50 պետության կողմից, և բոլոր այս մարդիկ հնարավորություն ստացան հատելու սահմաններ և փրկվելու»: Միջոցառմանը պարային կատարումներով հանդես եկավ մի շարք մրցանակների արժանացած` Ստրասբուրգի Վերածնունդ հայկական պարային համույթը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր