211652_close_icon
views-count4640 դիտում article-date 11:50 22-09-2017

Սեպտեմբերի 21-ի թեման անկախությունը չէ, այլ՝ ով ինչ մեդալ ու պարգև ստացավ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ գալիս է սեպտեմբերի 21-ը, «բարձրաշխարհիկ» հասարակության մեջ քննարկման թեմա չեն դառնում անկախությունը և մեր անցած ճանապարհի ձեռքբերումները, սխալները, ձախողումները, դասերը և այլն: Եթե նույնիսկ դրանք քննարկվում են, ապա խոսքը սովորաբար սահմանափակվում է «բա մեզ պե՞տք էր էս անկախությունը» դժգոհ բացականչությամբ: Բայց պարզվում է, որ ամենակարևոր թեման այն է, թե ով ինչով պարգևատրվեց, և արդյոք պարգևատրվածները արժանի՞ են պարգևի, թե՞ ոչ: Նույն տրամաբանության մեջ Էդուարդո Էռնեկյանը արժանի չէ ազգային հերոսի կոչմանը, որովհետև նա… հարուստ է: Այս խոսակցությունները ծայր են առել 1997 թվականից, երբ սկսվեց, ավելի ճիշտ` վերսկսվեց շքանշաններ, մեդալներ և կոչումներ բաժանելու խորհրդային ավանդույթը: Հիշո՞ւմ եք, Առաջին նախագահը շքանշան շնորհեց նշանավոր դերասան Սոս Սարգսյանին. կոնկրետ նրա պարգևատրմանը ոչ ոք, բնականաբար, դեմ չէր, այդ դերասանին բոլորն են սիրում: Բայց այդ մակարդակի արվեստագետներ Հայաստանում գրեթե չկան, իսկ սեպտեմբերի 21-ը գալիս է ամեն տարի: Ի՞նչ անել: Ամեն տարի Սոս Սարգսյան չես գտնի, ի վերջո՝ ստիպված ես նշաձողն իջեցնել: Մյուս կողմից՝ մշակույթի գործիչները խանդոտ մարդիկ են և պարտադիր կհարցնեն` բա ի՞մ հերթը երբ է հասնելու: Հայտարարել այսօր, որ վերջ՝ այլևս մեդալներ և կոչումներ չեն շնորհվելու… չգիտեմ, դրա համար, հավանաբար, քաղաքական մեծ կամք է պետք: Որովհետև միաժամանակ պետք է «հեչ անել» բոլոր անցած կոչումներն ու մեդալները և խորհուրդ տալ բոլոր մեդալակիրներին և կոչումակիրներին դրանք այլևս չհիշատակել: Այդ ամենը բավականին ուտոպիստական է հնչում: Համենայնդեպս, այսօր: Միակ լուծումը, որը ես հիմա տեսնում եմ, դրան շատ լուրջ չվերաբերվելն է: Խոսքը թե՛ ստացածների, թե՛ չստացածների և թե՛ «կողքից մեկնաբանողների», որպես կանոն՝ չարախոսողների մասին է: Սիրելի ստացածներ և չստացածներ, այս կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան, քան այդ զանգուլակները: Մի պահ փակեք ձեր աչքերը և փորձեք օբյեկտիվորեն գնահատել՝ դուք կկարողանա՞ք ապրել առանց մեդալների: Ինձ թվում է՝ 2-3 անգամ խոր շունչ քաշելուց հետո դուք այդ հարցին դրական պատասխան կտաք: Ստացածներ, մի՛ մեծամտացեք, չստացածներ, մի՛ նախանձեք, մի՛ բամբասեք, «աբիժնիկի» կեցվածք մի՛ ընդունեք: Դա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն այս թեմային: Սիրելի «կողքից մեկնաբանողներ», հասկանում եմ ձեր ձգտումն ամեն տեղ մեծ քաղաքականություն տեսնելու: Բայց հավատացնում եմ ձեզ՝ եթե մարդն այդ պարգևը ստանում է, դա մեխանիկաբար չի նշանակում, որ նա «ռեժիմի սպասարկու» է: Նա կարող է իսկապես շնորհալի, տաղանդավոր մարդ լինել: Եվ այս «սեզոնում» նույնպես եղել են գոնե ինձ համար անվիճելի հեղինակություններ, օրինակ՝ գրող Լևոն Ջավախյանը կամ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Մաղձ թափելու և «ընդդիմադիր երևալու» շատ ավելի լուրջ պատճառներ կան, քան կոչումների-մեդալների պատմությունն է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր