211652_close_icon
views-count2563 դիտում article-date 10:31 22-09-2017

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սկսում ընդդեմ Հյուսիսային Կորեայի. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի նախագահը հինգշաբթի օրը հայտարարեց Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սկսելու մասին։ Իսկ այս պահին Ռուսաստանի ու Չինաստանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսում Ճապոնիայից հյուսիս գտնվող Օխոտսկի ծովում։ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը ստորագրեց նախագահական հրահանգ, որն ուղղված է ընդդեմ Հյուսիսային Կորեայի եկամուտների և որի նպատակն է կասեցնել այս երկրի միջուկային ու հրթիռային ծրագրերը։ Նոր պատժամիջոցներն ընդլայնում են այն անձանց ու հաստատությունների ցանկը, որոնք բիզնեսային գործարք ունեն Հյուսիսայի Կորեայի հետ։ Պատժամիջոցների տակ են հայտնվում նավաշինության ու առևտրի ոլորտները, ինչպես նաև ձկնարդյունաբերությունը, տեքստիլ արդյունաբերությունն ու տեղեկատվական տեխնոլոգիայի բնագավառը։ Թրամփն ասել է, թե նախագահական նոր հրամանագրի արդյունքում կկրճատվեն եկամտի այն աղբյուրները, որոնց միջոցով Հյուսիսը ջանում է արտադրել մարդկության համար ամենամահաբեր զենքերը։ Հյուսիսային Կորեայի հրթիռային ու միջուկային փորձարկումների պատճառով այս երկրի իշխանությունների ու հատկապես՝ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Դոնալդ Թրամփի խոսքերն աշխարհի տարբեր երկրներում արժանացել են տարաբնույթ վերաբերմունքի։ Թրամփն ասել էր, որ եթե ԱՄՆ-ը ստիպված լինի Հյուսիսային Կորեայից պաշտպանել ինքն իրեն ու իր դաշնակիցներին, կարող է լիովին ոչնչացնել Հյուսիսային Կորեային։ Նույն ելույթի ժամանակ այդ երկրի առաջնորդին նա անվանել էր «հրթիռային տղա»։ Հյուսիսը հետ չմնաց վիրավորական հայտարարություններով հանդես գալու հարցում, երբ այդ երկրի արտգործնախարար Ռի Յոնգ Հոն հենց Նյու Յորքում Թրամփի խոսքերը համեմատեց «շան հաչոցի» հետ։ Լրագրողների հարցերին ի պատասխան, նա ասաց նաև, թե խղճում է Թրամփի օգնականներին։ Իսկ խնդիրը, որ Հյուսիսային Կորեան չունենա միջուկային զենք ու Կորեական թերակղզին, ինչպես նաև հարևան Ճապոնիան ապրեն խաղաղ, դեռ չի լուծվում ու չեն էլ երևում լուծման տարբերակներ հորիզոնում։ Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4038911.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր