211652_close_icon
views-count34972 դիտում article-date 09:14 21-09-2017

Դավիթաշենում նշեցին հավերժ զինվոր Անդրանիկ Սիլակյանի մահվան 15-րդ տարելիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անդրանիկ Մանուկի Սիլակյանը ծնվել է 1982 թվականին, Երևանում: Շատ աշխույժ, ընկերասեր և հայրենասեր տղա էր: Սովորել է Դավիթաշենի թիվ 189 դպրոցում: Այնուհետև ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան զինվորական վարժարան: 2000 թվականին ժամկետային ծառայության է անցել հայոց բանակում: Նպատակ ուներ հետագայում ուսումը շարունակելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, սակայն, դժբախտաբար, 2002 թվականին, երբ Անդրանիկի ծառայության ավարտին հաշված օրեր էին մնացել, տեղի ունեցավ դժբախտ պատահար և «կույր» գնդակը խլեց նրա կյանքը: Անդրանիկի մահից հետո նրա մայրը՝ տիկին Գոհար Արմենակյանը, չհամալրեց հայոց բանակը քարկոծողների շարքը, այլ իր մեջ ուժ գտավ պայքարելու, որպեսզի իր պես սևազգեստ մայրերի թիվը չավելանա ու ստեղծեց «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը, որը մինչ օրս պայքարում է հանուն հայ զինվորի և սպայի արժանատիվ կյանքի՝ մշտապես տարբեր նախաձեռնություններով գտնվելով նրանց կողքին: Գոհար Արմենակյանի և նրա ընտանիքի հերթական միջոցառումը նվիրված էր հենց նրա որդուն: Սեպտեմբերի 20-ին, Սիլակյան ընտանիքի բարեկամները և «Զինվորի պաշտպանության կոմիտե» կազմակերպության ընկերները հավաքվել էին Անդրանիկի հայրական տանը՝ նշելու նրա մահվան 15-րդ տարելիցը: Դավիթաշեն համայնքի գերեզմանատանը գտնվող Ա. Սիլակյանի գերեզմանի առաջ Դավիթաշեն համայնքի հոգևոր հովիվ տեր Խորեն քահանա Մարուքյանի ձեռամբ կատարվեց տարելիցի կարգը, այնուհետև ներկաներն ուղևորվեցին Ա. Սիլակյանի հայրենի թաղամաս, որտեղ նրա հիշատակին նվիրված ցայտաղբյուր կա, որտեղ և սկսվեց հիշատակի միջոցառումը։ Հանդիսության պաշտոնական մասում իրենց ելույթներով հանդես եկան Հայոց բանակի հետ համագործակցող «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն», «Ֆիդայիներ», «Վիվարտ», «Հրադադար մարդկային կորստի ցավ», «Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների իրավապաշտպան» կազմակերպությունների ղեկավարները, ովքեր հնչեցին իրենց գնահատանքի խոսքերն ու հանձնեցին պատվոգրեր: Ասմունքողներ Տարոն Գրիգորյանի և Հասմիկ Մկրտչյանի կատարմամբ հնչեցին զինվորին նվիրված բանաստեղծություններ, այդ թվում հնչեցին նաև Անդրանիկի մայրիկի՝ տիկին Գոհար Արմենակյանի հեղինակած բանաստեղծությունները: Ձեռքս դրի բալիս գլխին, Լուռ աղոթքս մրմնջացի, Լացակումած իմ օրհնանքով՝ Նրան բանակ ճամփա դրի: Ասի բալես, բարո՛վ գնաս, Հայրենիքի պաշտպա՛ն դառնաս, Դժվար պահին չվհատվե՛ս, Օրհնանքս քեզ, պիտի հաղթե՛ս: Նենգ թշնամին, թե սուր ճոճի, Առյո՛ւծ դարձիր, արիացի՛ր. Լավ իմացիր, ես քեզ հետ եմ, Հաղթանակա՛ծ վերադարձիր: Ազատ, անկախ Հայաստանի Վեհ դրոշը բարձր պահիր, Փառք ու պատիվ զինվոր բալիս, Հաղթանակած տուն է գալիս: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր