211652_close_icon
views-count3222 դիտում article-date 23:08 20-09-2017

Վիլնյուսում Հայկական եկեղեցիներին նվիրված ցուցահանդես է բացվել

Սեպտեմբերի 19-ին Վիլնյուսի «Եկեղեցիների ժառանգության թանգարանում» տեղի ունեցավ միջնադարյան Հայկական եկեղեցիների ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակրեպվել էր Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից: Ցուցահանդեսին ներկայացված են միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետության կոթողների շուրջ 30 բացառիկ լուսանկարներ, որոնք արվել են «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոնկարիչների կողմից անցած մեկ դարի ընթացքում: Միջոցառմանը ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ իր խոսքում կարևորելով եկեղեցու դերը հայոց պատմության ընթացքում։ «Շնորհիվ հայ առաքելական եկեղեցու՝ մենք կարողացել ենք պահպանել մեր ինքնությունը դարերի ընթացքում։ Կարևորագույն գրքերը գրվել են այստեղ, ամենազարմանահրաշ ձեռագրական մանրանկարները ստեղծվել են մեր վանքերում։ Եկեղեցին պատմության ընթացքում խաղացել է ոչ միայն կրոնական, այլ նաև հասարակական, մշակութային և քաղաքական դեր հայ ժողովուրդի կյանքում»,- ասաց դեսպանը։ Այնուհետև Տիգրան Մկրտչյանը նշեց, որ հայոց եկեղեցիների և մենաստանների երկուհազարամյա աշխարհագրությունը մատնանշում են հայ ժողովրդի պատմական հայրենիքի սահմանները, և որ նրանք հայոց պատմության կենդանի վկաներն են։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Վիլնյուսի արքեպիսկոպոս Գինտարաս Գրուշասը։ Արքեպիսկոպոսը, խոսելով հայ ժողովրդի ավանդած քրիստոնեական հարուստ ժառանգության մասին, ընդգծեց, որ Հռոմի Պապը 2015թ. Հայաստան կատարած իր այցը ներկայացրել է՝ որպես «այցելություն առաջին քրիստոնյա պետություն»: Արքեպիսկոպոս Գրուշասն ասաց, որ նկարներում պատկերված քարե եկեղեցիները կոչված են կանգուն լինել դարերով: Արքեպիսկոպոսը նաև հավելեց. «Հուսով եմ՝ նայելով այս հրաշալի եկեղեցիներին՝ յուրաքանչյուրս կկարողանանք յուրացնել և կրել արվեստում արտացոլված ժամանակի հրաշալիքի և հոգևոր ուժի մի մասնիկը»: Թանգարանի տնօրեն Սիգիտա Մասլաուսկայտե-Մաժիլիենեն ողջունեց այս նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեց ճարտարապետության գեղեցիկ կոթողները «Եկեղեցիների ժառանգության թանգարանում» ներկայացնելու համար։ Միջոցառմանը ներկա էին Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, Լիտվայի Սեյմի պատգամավորներ, Լիտվայի հասարակական-քաղաքական գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսը ներկայացված է լինելու մինչև հոկտեմբերի 19-ը:

Նմանատիպ նյութեր