211652_close_icon
views-count7176 դիտում article-date 22:10 20-09-2017

Մեկնարկում է 3-5 % տոկոսադրույքով վարկերի տրամադրման գործընթացը. առաջին հուշագիրը ստորագրվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանն այսօր ստորագրել են հուշագիր գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ: Ծրագրի շրջանակում շահառուներին կտրամադրվեն 3 -10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5 % տոկոսադրույքով վարկեր` նախկին 8 %-ի փոխարեն, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կկազմի 3 %: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ծրագրի նկատմամբ խիստ վերահսկողություն է սահմանվելու, որպեսզի գումարը հասնի իրական հասցեատերերին և նպատակին ծառայի: Նախարարն ընդգծել է, որ գումարը շահառուներին կտրամադրվի փուլային տարբերակով` համաձայն ներկայացված ծրագրի յուրաքանչյուր փուլից հետո մոնիթորինգ կիրականացվի և միայն դրանից հետո կհատկացվի հերթական ֆինանսավորումը, իսկ չարաշահումների բացահայտման դեպքում սուբսիդավորումը կդադարեցվի: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը պարզաբանում է, որ դասընթացին մասնակցությունը դեռ երաշխիք չէ վարկ ստանալու համար, տնտեսությունը պետք է նաև վարկունակ լինի: Ռոբերտ Մակարյանի խոսքով` դասընթացները տևելու են մինչև 5 օր, հիմնադրամի մարզային կառույցներում մասնակիցների գրանցման գործընթացն արդեն մեկնարկել է, այս պահին կա շուրջ 300 դիմորդ: Փոխնախարարը հույս է հայտնել, որ ծրագրին առաջիկայում նաև այլ ֆինանսական կառույցներ կմիանան: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի խոսքով` եթե նախկինում ծրագիրը նաև սոցիալական ուղղվածություն ուներ, ապա այժմ ռեսուրսներն ուղղվելու են առավել կայունացած, «դեպի շուկան ուղղված» միջին, խոշոր կամ խոշորացման ձգտող տնտեսություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում կիրառում են ինովացիոն տեխնոլոգիաներ, կառավարման առավել ժամանակակից մեթոդներ կամ իրական ցանկություն ունեն դրանք ապագայում ներդնել իրենց տնտեսություններում։ Բանկի գործադիր տնօրենը հավելել է, որ հավաստագրերի ստացումից հետո պատրաստ են շահառուներից վարկավորման հայտեր ընդունել: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր