211652_close_icon
views-count3521 դիտում article-date 21:35 20-09-2017

Արցախի վարչապետը Նորագյուղում մասնակցել է մանկապարտեզի նորակառույց շենքի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 20-ին մասնակցել է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի մանկապարտեզի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուներից արգենտինահայ բարերար Հովսեփ Թահթայի ընտանիքի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված երկհարկանի շինությունը նախատեսված է 100 երեխայի համար և ունի ժամանակակից չափանիշներին համապատասխան հարմարություններ: Բացման խոսքում՝ Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բարերարին՝ նշելով, որ հայրենասիրության իսկական դրսևորում է Հովսեփ Թահթայի օրինակը, ով, ծնվելով և ապրելով Հայաստանից հեռու, չի մոռացել հայրենիքը: «1996թ.-ին Թահթա ընտանիքի կողմից Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում դպրոց է կառուցվել: Այսօր այդ շենքը վերածել ենք մանկապարտեզի, քանի որ տարիների ընթացքում այդ գյուղի երեխաներն այնքան են շատացել, որ նոր դպրոց կառուցելու անհրաժեշտություն է առաջացել: Այսօրինակ հաջողությունը հնարավոր է դարձել ունենալով, մի կողմից, Հովսեփ Թահթայի պես հայրենասեր բարերարներ, մյուս կողմից՝ բազմազավակ ընտանիքներ, ինչը վերջին տարիների մեր հանրապետության ամենամեծ ձեռքբերումներից եմ համարում»,- ասել է Ա. Հարությունյանը և բարերարին հանձնել նախագահ Բակո Սահակյանի կողմից տրված «Երախտագիտություն» մեդալ՝ Արցախի տնտեսության և գիտության վերականգնման և զարգացման գործում ծանրակշիռ ավանդ ունենալու համար: Իր հերթին շնորհակալություն հայտնելով պարգևատրության համար՝ բարերարը նշել է, որ իր ընտանիքի համար չափազանց կարևոր է կրթական օջախների ստեղծումը: «Մեր այսօրվա սերունդը վաղը մեզ է փոխարինելու: Որպեսզի հայրենիքի պաշտպանության և զարգացման գործը կիրթ ու զարգացած սերնդի հանձնենք, պետք է դրա համար համապատասխան պայմաններ ստեղծենք: Այն մեծապես վերաբերում է նաև Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, քանի որ դա է մեր երաշխավորված ապագայի հիմքը»,- ասել է Հ. Թահթան: Կարմիր ժապավենը կտրելուց հետո, Արցախի հոգևոր թեմի ներկայացուցիչների կողմից կատարվել է օրհնության արարողություն: Այնուհետև, Ա. Հարությունյանը, բարերարի հետ միասին, ծանոթացել է նորակառույց շենքի պայմաններին: Միջոցառմանը ներկա էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր ՀՀ-ից և Սփյուռքից: ----------------------------------------------------------------------------------------------------------------- [b]ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր