Արցախի ճանաչումը մեր օրակարգի հիմնական հարցերից է. Ֆրենկ Փալոուն
2017.09.20 16:50


ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքների ուղղություններից մեկը Արցախի ճանաչման հարցն է: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ այս մասին Ստեփանակերտում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոունը:
«Արցախը մի երկիր է, որտեղ կա իրական ժողովրդավարություն. իշխանություններն ամեն ինչ անում են տնտեսական զարգացում ապահովելու համար: Մեզ մտահոգում է նաև ռազմական իրավիճակը, որին հետևում ենք: Այսօր այստեղ ենք, որպեսզի անդրադառնանք այն խնդիրներին, որոնք մեր հանձնախմբի օրակարգում են»,- ասել է ամերիկացի կոնգրեսականը:
Ֆրենկ Փալոունի խոսքով՝ իրենց ծրագրերից է նաև Արցախի մարդասիրական օգնության հարցը:
«Այս օրերին՝ հանդիպումներ ունենալով իշխանության ներկայացուցիչների և քաղաքացիների հետ փորձում ենք հասկանալ թե ռազմական ինչ իրավիճակ է տիրում սահմանին, և ինչ միջոցներ են ձեռնարկում ապրիլյան պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ: Մեր գործունեության նպատակներից մեկն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը նպաստելն է, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով և մենք հավատում ենք, որ Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իրականացնելու ինքնորաշման իրավունքը և ունենա անվտանգության ապահովման մեխանիզմներ»,-ասել է Ֆ. Փալոունը:
