211652_close_icon
views-count3903 դիտում article-date 15:20 20-09-2017

Երևանում տեղի կունենա Հայ-ռուսական առողջապահական 3-­րդ համաժողովը

Ընթացիկ աշունը հագեցած է առողջապահական միջազգային միջոցառումներով։ Սեպտեմբերի 25­26­ին նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։ Սեպտեմբերի 26-ին Երևանում կայանալիք Հայ-ռուսական առողջապահական 3-­րդ համաժողովի ընթացքում կքննարկվեն երկու երկրի համար հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հարցերի ամբողջ շրջանակը: Կստորագրվի համատեղ որոշում «Հանրային առողջապահություն-21» գիտական ամսագրի հաստատման մասին, համաժողովի արդյունքների մասին կընդունվի համատեղ հայտարարություն: 2017թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀՀ առողջապահության նախարարությունը կմասնակցի հայ-իրաքյան, հայ-եգիպտական, հայ-ղազախական, հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև հայ-լատվիական հանձնաժողովի աշխատանքային խմբի քննարկումներին: Նշենք, որ սեպտեմբերի 12-ին կայացած հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կողմերը վերահաստատել են առողջապահության ոլորտում ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովումը: Համագործակցության արդյունքում 2017թ. հոկտեմբերի սկզբին ՀՀ առողջապահության բնագավառում աջակցության կոնկրետ ծրագրերով Հայաստան կայցելի Չեխիայի Հրադեց-Կրալովյան երկրամասի պատվիրակությունը: Հայաստանի առողջապահության նախարարությունն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև սեպտեմբերին կայացած Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 67-րդ նիստին, որտեղ կայացել են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի Գործադիր խորհրդի, ինչպես նաև Մշտական կոմիտեի ընտրությունները: Ընթացիկ տարում նախապատրաստական աշխատանքներ են տարվել Վիետնամի, Ղազախստանի, Հնդկաստանի և Մալթայի Ուխտի հետ առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ միջգերատեսչական համաձայնագրերի ստորագրման ուղղությամբ։ Նախատեսվում է համաձայնագրերի ստորագրման աշխատանքը դիվանագիտական խողովակով ավարտին հասցնել մոտակա ամիսներին: Միջազգային համագործակցությունը, այլ երկրների փորձի ու գիտելիքների օգտագործումը կարևոր լծակներ են Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացման, բարձր տեխնոլոգիաների և բուժման նորագույն մեթոդների ներդրման համար: Առողջապահության բնագավառում օտարերկրյա պետությունների հետ ստորագրված են 30-ից ավելի միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրեր ու հուշագրեր, աշխատանք է տարվում 50-ից ավելի միջազգային կառույցների հետ:

Նմանատիպ նյութեր