211652_close_icon
views-count4672 դիտում article-date 14:54 20-09-2017

ՀՀ գյուղնախարարն աշխատանքային նախաճաշ է ունեցել հայ-ֆրանսիական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գործարարների հետ

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել համագործակցության հնարավորություններին գինեգործության, կոնյակագործության և օրգանական գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաև Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ բացվող նոր հեռանկարներին: Ֆրանսիացի գործարարները նշել են, որ իրենց զարմացրել է այն հանգամանքը, թե որքան շատ որակյալ գինի արտադրողներ են հայտնվել շուկայում վերջին տասը տարիների ընթացքում: «Աշխարհը միշտ փնտրում է նոր գինիներ, Հայաստանն ունի խաղողի երեք տեսակ, որոնք չեք գտնի այլ երկրներում, դրանք են Արենին, Ոսկեհատը և Խնդողնին: Մասնագետների գնահատմամբ՝ հայկական գինու զարգացման գրավականը հենց այդ սորտերի առաջմղումն է»,- նշել է նախարար Առաքելյանը` ընդգծելով, որ Գյուղատնտեսության նախարարությունը ստեղծել է Գինեգործության և խաղողագործության զարգացման հիմնադրամ, բացի այդ կան շատ սոմելյեներ, որոնք տարբեր երկրներում, մասնավորապես Ռուսաստանում տարածում են հայկական գինու բրենդը: Անդրադառնալով կոնյակագործության ոլորտին` Իգնատի Առաքելյանը նշել է, որ եթե գինին զարգացման նոր փուլում է գտնվում, ապա հայկական կոնյակն ավելի կայացած շուկա ունի: Նախարար Առաքելյանը նաև տեղեկացրել է հյուրերին, որ օրգանական գյուղատնտեսության ուղղությունը զարգացնելու նպատակով Հայաստանն ակտիվորեն համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, քանի որ այն արտերկրի շուկայում, մասնավորապես Եվրոպայում այսօր մեծ պահանջարկ ունի և կարող է նպաստել փոքր գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը` բարձր շահութաբերության շնորհիվ: Ներկայացնելով պետական աջակցության ծրագրային փաթեթը, որը նպատակաուղղված է գյուղոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը` Իգնատի Առաքելյանն այս հարցում կարևորել է Ֆրանսիայի մասնագիտացված ընկերությունների փորձը` կոչ անելով համագործակցել և խորհրդատվական ծառայություններ տրամադրել մասնավորապես կաթիլային ոռոգման համակարգի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ այգեգործության զարգացման գործում: Կողմերը մտքեր են փոխանակել նաև ոռոգման համակարգին, գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրմանն առնչվող և մի շարք այլ հարցերի շուրջ: Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերին:

Նմանատիպ նյութեր