211652_close_icon
views-count3491 դիտում article-date 10:52 20-09-2017

Լացակումած պոպուլիզմից դեպի պրագմատիկ նպատակներ հետապնդող աշխատանք. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Այսօր «Հայաստան-Սփյուռք» հարաբերություններում հիմնական ուղերձները պետք է գան Հայաստանից: Նախկինում Խորհրդային Հայաստանը կարող էր լինել սփյուռքահայերի համար միայն սիրո, կարոտի, հուզմունքի առարկա, և, իհարկե, միանգամայն հասկանալի էին սփյուռքահայերի զգացմունքները, որոնք գալիս էին այստեղ, տեսնում էին Մասիս սարը, Գառնի-Գեղարդը, Խոր Վիրապը և այլն՝ հուզական բառեր էին ասում հայրենիքի մասին և առանձնապես չէին խորանում, թե ինչպիսի քաղաքական կամ տնտեսական վիճակ է խորհրդային այդ հանրապետությունում: Ազատությունը, անկախությունը ծանր բեռ է և պատասխանատվություն է հայաստանցիներիս համար՝ բոլոր առումներով, նաև նրանով, որ մեզ վրա պարտականություն է դնում մշակելու աշխարհով սփռված հայրենակիցների հետ շփման ճիշտ և արդյունավետ ձևերը: Եթե մենք այստեղ տառապում ենք ինֆանտիլիզմով և մեր գերագույն նպատակն ենք համարում, որ Մասիս սարի վրա ծածանվի մեր պետական դրոշը, ապա դա ուղերձ է Սփյուռքին, որը, բնականաբար, մեծ հաճույքով կտոգորվի նման մանկամտությամբ: Բայց եթե մենք, օրինակ, ասում ենք, որ մշակում ենք նորագույն տեխնոլոգիաներ, և այդ մշակումները պետք է օգտագործենք մեր անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաև արտահանենք դրանք, ապա դա գուցե այնքան էլ բարձրագոչ և դյութիչ չի հնչում: Բայց դա կոնկրետ, գործնական ուղերձ է, որն ուղղված է ամբողջ աշխարհին և, առաջին հերթին, Սփյուռքին: Սկսած նախորդ համաժողովից՝ այդպիսի միտում, համենայնդեպս, նշմարվում է. ձևավորել գործնական ուղերձներ: Կարծում եմ՝ որոշ քայլեր արդեն արվում են՝ շեղվելու «լացակումած պոպուլիզմից» դեպի պրագմատիկ նպատակներ հետապնդող համատեղ աշխատանք: Արամ Ա կաթողիկոսն, անշուշտ, խարիզմատիկ դեմք է, օժտված է բարձր ինտելեկտով, արտիստիկ է, տիրապետում է հռետորական արվեստին: Բայց նրա ելույթը, որն արժանացել է ոմանց հիացական գնահատականին, «հին», հուզական ոլորտից էր: Որ երկիրը դատարկվում է, և Սփյուռքը մաշվում է, մենք բոլորս գիտենք, և եթե Արամ Ա-ն ֆեյսբուքյան օգտատեր լիներ, նա, անշուշտ, կարժանանար հարյուրավոր «like»-երի: Բայց այդ տրամաչափի գործիչները պետք է, իմ կարծիքով, ավելի մասշտաբային նպատակներ դնեն, քան պարզապես like-եր հավաքելն է: Հայաստանի պաշտպանության նախարարի և փոխնախարարի ելույթներն, իհարկե, այդչափ գրավիչ և գեղարվեստական չէին: Բայց, փոխարենը, գործնական առումով ուղերձներ են պարունակում: Կհասնե՞ն դրանք տեղ, թե՞ ոչ՝ այլ հարց է: Եվ ընդհանրապես, շատ ճիշտ է, որ համաժողովում ներառվել է այս՝ «անվտանգային» ուղղությունը: Իրականում դա բոլոր հայերի համար ամենակարևոր ուղղությունն է: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր