211652_close_icon
views-count3493 դիտում article-date 09:52 20-09-2017

Ամերիկան չի պարտադրում իր կենսակերպը որեւէ մեկին. Թրամփի ծրագրային ելույթը ՄԱԿ-ում. «Ամերիկայի ձայն»

Մենք ապրում ենք չլսված հնարավորությունների ժամանակներում, այսպես սկսեց իր ծրագրային ելույթը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին. «Գիտության, տեխնոլոգիաների և բժշկության ոլորտներում բեկումները թույլ են տալիս բուժել հիվանդություններ և կարգավորել խնդիրներ, որոնք նախկին սերունդների համար անլուծելի էին թվում»: Սակայն, նույն հնարավորությունները ստեղծում են նաև նոր վտանգներ: Վտանգներ, որոնց դեմ պայքարում իրական առաջնորդը պետք է միշտ հիշի սեփական ժողովրդի շահերը: Հենց սա է «Ամերիկան՝ առաջին տեղում» գաղափարը, նշում է Թրամփը. «Որպես ԱՄՆ-ի նախագահ, ինձ համար Ամերիկան միշտ առաջնահերթություն է լինելու, ինչպես ձեր երկրների շահերը պետք է միշտ առաջնահերթություն լինեն ձեզ համար»: Հենց սեփական ժողովրդի շահերից ելնելով՝ պատասխանատու առաջնորդը պետք է նաև ճանապարհներ կառուցի մյուս պետությունների հետ դաշինքներ կնքելու և ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարելու համար, նշում է Դոնալդ Թրամփը: Համագործակցություն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա. «Մենք չենք ակնկալում, որ տարբեր երկրներ պիտի ունենան նույն մշակույթը, ավանդույթները կամ նույնիսկ՝ նույն կառավարման համակարգը, սակայն մենք ակնկալում ենք, որ բոլոր երկրները պիտի հարգեն սեփական ժողովրդի շահերը և մյուս պետությունների ինքնիշխանության իրավունքը»: Հարգանք սեփական քաղաքացիների իրավունքների և մյուս պետությունների ինքնիշխանության նկատմամբ՝ հենց սա է համագործակցության գրավականը. «Մենք չենք պատրաստվում պարտադրել մեր կենսակերպը որևէ մեկի: Փոխարենը, պատրաստ ենք օրինակ ծառայել բոլորի համար»: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները չի հանդուրժի սպառնալիքներ այլ երկրների կողմից, լինի դա Հյուսիսային Կորեան թե՝ Իրանը. «Աշխարհում ոչ մի երկիր չի ցանկանում տեսնել ավազակների այս խումբը՝ միջուկային զենքով զինված: ԱՄՆ-ը հսկայական ուժ և համբերություն ունի, սակայն եթե ստիպված լինենք պաշտպանվել կամ պաշտպանել դաշնակիցներին, մենք այլընտրանք չենք ունենա և ստիպված կլինենք ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան»: Կիմ Չեն Ընը, ում Թրամփը բնորոշեց որպես «հրթիռներով մարդ», բռնել է ինքնասպանության ուղին և իր հետ է տանում սեփական երկիրը: Ընդհանրապես, համոզված է ԱՄՆ-ի նախագահը, ճնշող վարչակարգերը չեն կարող ընդմիշտ գոյատևել. «Գալիս է մի օր, երբ այնտեղ ապրող մարդիկ երկընտրանքի առջև են կանգնում՝ շարունակել աղքատության, արյունահեղության և ահաբեկման ուղին, թե՝ վերադառնալ ժողովրդի հպարտ արմատներին, ինչպիսիք ունեն Իրանի քաղաքացիները, և միանալ քաղաքակրթության, մշակույթի և հարստության կենտրոնին»: Նախագահ Թրամփն անդրադարձավ նաև անկառավարելի միգրացիային, որր նրա խոսքով, վնասում է ինչպես այն երկրին, որտեղից նրանք արտագաղթում են, այնպես էլ՝ ընդունող երկրին. «Արտագաղթելով, մարդիկ նվազեցնում են տվյալ երկրի ներսում ճնշումն իշխանությունների վրա, հենց այն ճնշումը, որն անհրաժեշտ է կարևոր քաղաքական և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար»: Նախագահ Թրամփն այս կապակցությամբ հիշեցնում է՝ մարդկանց իրավունքների, արժանապատվության և բարգավաճման ապահովման պարտականությունը լավագույնս կատարում է ամուր ինքնիշխան պետությունը: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4035739.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր