211652_close_icon
views-count5223 դիտում article-date 09:30 20-09-2017

ՀՀ նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին. անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Հանդիպման սկզբում Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել և հաջողություն է մաղթել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ: Սերժ Սարգսյանը և Անտոնիո Գուտերեշը ջերմությամբ են հիշել պարոն Գուտերեշի այցը Հայաստան՝ որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար և այցի շրջանակներում կայացած արդյունավետ երկխոսությունը: Նշելով, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը տոնեց ՄԱԿ-ին անդամակցության 25-ամյակը, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ անդամակցությունից ի վեր մեր երկիրն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի և դրա կառույցների աշխատանքներում: Անցած 25 տարիների ընթացքում, ըստ Նախագահի, Հայաստանը մշտապես զգացել է ՄԱԿ-ի թիրախային աջակցությունը Հայաստանին, որը խթանել և ամրապնդել է Հայաստանի զարգացման ներուժը։ Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել արդյունավետ համագործակցության կապակցությամբ և հույս հայտնել, որ Անտոնիո Գուտերեշի ղեկավարությամբ այն առավել կամրապնդվի և կզարգանա: Նախագահը վստահեցրել է, որ այսուհետ ևս Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ջանքեր ներդնել ՄԱԿ-ի նպատակներն առաջ մղելու ուղղությամբ՝ «Կայուն զարգացման 2030 օրակարգի» շրջանակներում և կայուն զարգացման նպատակները հաստատակամորեն կյանքի կոչելու հանձնառությամբ: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ ներկայումս Հայաստանում ակտիվորեն ընթանում է Կայուն զարգացման նպատակների ազգայնացման և իրականացման գործընթացը: Կայուն զարգացման 2030 օրակարգի ազգայնացման նպատակով մշակվել է ճանապարհային քարտեզ, այնուհետև՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային գործողությունների ծրագիր: Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նախագահը գոհունակություն է հայտնել Գլխավոր քարտուղարին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին լիակատար աջակցության կապակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր