211652_close_icon
views-count8104 դիտում article-date 08:58 20-09-2017

Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Նախագահը, մասնավորապես, ասել է. «Ես արդեն հինգերորդ անգամ եմ հանդես գալիս այս բարձր ամբիոնից և կրկին ստիպված եմ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Կգերադասեի խոսել խաղաղության, առաջընթացի և համագործակցության մասին, սակայն, ցավոք, մենք այդ փուլից դեռ շատ հեռու ենք: Ուստի, պարտքս եմ համարում բացատրել, թե ինչու ենք այդքան հեռու այդ բաղձալի հանգրվանից: Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխան Արցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման: Պաշտոնական Բաքվի այդ քաղաքականության գագաթնակետն էին Ադրբեջանի հայ բնակչության ջարդերը, էթնիկ զտումներն ու զանգվածային տեղահանումները: Երբեմնի հայաբնակ ամբողջ շրջաններ հայաթափվեցին, իսկ Ադրբեջանի կառավարությունն էլ շարունակում է հետևողականորեն ոչնչացնել իր վերահսկողության ներքո գտնվող հայկական հսկայական մշակութային և հոգևոր ժառանգությունը: Ակնհայտ է, որ այդ պայմաններում Արցախի ժողովուրդն այլ ընտրություն չուներ, քան ինքնապաշտպանության դիմելը: 1992-1994 թվականների ծանր պատերազմը, դրա հետևանքները և այնուհետև ծավալված բանակցությունները Ադրբեջանի համար որևէ դաս չեղան: Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը: 2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել են պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ: Այստեղ չեմ կարող չնշել, որ նման վայրագություն կատարած մի զինծառայող արժանացավ պետական բարձր պարգևի: Այդ պարգևը նրան տեսախցիկների առջև հանձնեց անձամբ Ադրբեջանի նախագահը: Հարգելի՛ պարոն նախագահ, Արդեն տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Արդեն տարիներ շարունակ այդ մասին ահազանգում են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ: Այս ամենը մեզ բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երևանից, որտեղ այսօրերին կայանում է Հայաստան-սփյուռք համաժողովը: Բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է: Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները: Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հասարակություն է: Մեր ընդհանուր կարգախոսը և հանձնառությունը՝ «Ոչ ոք չպետք է անտեսվի», պետք է դառնա Միավորված ազգերի այս ընտանիքի գործունեության անկյունաքարը: Հենց այդ պատճառով էլ, վստահ եմ, Արցախի ժողովուրդը երբեք չի մեկուսացվի կայուն զարգացման նպատակների իրականացումից: Խորապես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն Արցախի բնակչության իրավունքների վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա։ Խոսքս առաջին հերթին յուրաքանչյուր մարդ էակի համար անօտարելի իրավունքի մասին է: Խոսքս կյանքի իրավունքի մասին է, հանրային կյանքը կազմակերպելու իրավունքի մասին է, սեփական իշխանությունը ազատ ձևավորելու իրավունքի մասին է, արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու և բազմաթիվ այլ իրավունքների մասին է։ Հայաստանը հետևողականորեն նպաստել և նպաստելու է Արցախի ժողովրդի կյանքի բարելավմանը, նրա կայուն և ժողովրդավարական զարգացմանը: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին և ծրագրերին: Արցախի իրավական կարգավիճակը, իսկ ավելի ստույգ՝ միջազգային իրավական ճանաչման բացակայությունը, խոչընդոտ չէ այնտեղ ապրող կանանց և տղամարդկանց իրավունքների իրացման համար։ Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այժմ այս բարձր ամբիոնից ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն այդ առումով: Միևնույն ժամանակ, բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական և արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր