211652_close_icon
views-count6556 դիտում article-date 23:11 19-09-2017

Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը այս տարի նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին

Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը։ Այն այս տարի նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին։ Ուղիղ երկու ամիս՝ մինչև դեկտեմբերի 11-ը, դասական երաժշտության սիրահարները Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում կունկնդրեն բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային համերգներ, որոնց ընթացքում կհնչեն նաև պրեմիերաներ։ Կներկայացվեն Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, հանդիսատեսի կողմից սիրված ու սպասված ՙԽաչատրյանը և ջազը՚ համերգային նախագիծը, հետաքրքիր այլ ծրագրեր։ Հանդես կգան հայտնի արտիստներ՝ դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Հայկ Մելիքյանը, Լևոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը, մեներգիչ Վլադիմիր Բայկովը (բաս) և այլք։ Խաչատրյանական փառատոնի շրջանակներում, ինչպես միշտ, կլինեն համերգներ արտերկրում. Կաունասի ֆիլհարմոնիկ համերգասրահում ելույթ կունենան Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի այս տարվա դափնեկիրները՝ Ջուլիետա Ալեքսանյանը (սոպրանո), Ազամատ Ժելտիրգուզովը (բարիտոն), Գագիկ Վարդանյանը (բարիտոն)։ Փառատոնը կհամախմբի նաև հայաստանյան և արտերկրից հատուկ փառատոնի համար ժամանած կոլեկտիվներին։ Երաժշտական այս տոնի շրջանակներում հանդես կգան «Հովեր՚ պետական կամերային երգչախումբը, Mediterranean տրիոն, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլները և այլն։ Ինչպես ամեն տարի՝ Խաչատրյանի փառատոնի համերգներին կարելի է հետևել առցանց khachaturianfestival.com կայքի միջոցով։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի են կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։ Խաչատրյանի փառատոնի մասին այլ մանրամասներ կարող եք գտնել փառատոնի khachaturianfestival.com պաշտոնական կայքում։

Նմանատիպ նյութեր