211652_close_icon
views-count5129 դիտում article-date 19:21 19-09-2017

Հայաստանի տարբեր մարզերում շահագործման է հանձնվել ոռոգման և ջրարբիացման 5 նոր ենթակառուցվածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում Շիրակի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում շահագործման է հանձնել 5 նոր ենթակառուցվածք: Արմավիրի մարզի Սարդարապատ և Արևաշատ համայնքներում շահագործման են հանձնվել վերակառուցված ոռոգման ջրատարի կարևոր ճյուղերը: Սարդարապատում վերակառուցված հատվածի երկարությունը 520մ. է: Այն ոռոգման ջրով է ապահովելու համայնքի 300 հեկտար խաղողի, սալորի և այլ մրգերի այգիները: Ջրագծից օգտվելու է համայնքի 360 ընտանիք: Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի խոսքով՝ վերակառուցված ջրատարը համայնքի համար երկու կարևոր հարց է լուծել. «Այսուհետև անջրդի հողերին առանց կորուստների և արագ ջուր կհասցնենք: Բացի այդ, բարեկարգվեց նաև համայնքի 20-րդ փողոցը»: Համայնքի ղեկավարը վստահ է. ժողովուրդը եկել-տեսել և համոզվել է, որ ջրատարն արդյունավետ է աշխատում և վստահություն ունենալով՝ նոր այգիներ կհիմնի: Արևաշատ համայնքում շահագործման հանձնված ենթակառուցվածքը նույնպես ջրատար է: 850մ երկարությամբ վերակառուցված ջրատարի միջոցով ջրվելու է համայնքի 128 ընտանիքի պատկանող 64 հեկտար հողատարածք: Արևաշատ համայնքի ղեկավար Սուսաննա Գևորգյանը տեղեկացրեց, որ գյուղացիները նոր ջրատարի շնորհիվ կկարողանան տարվա ընթացքում 2 անգամ բերք ստանալ: «Արդեն 8 տարի է, ինչ համայնքի 50-ից ավելի ընտանիք համայնքում ոռոգման ջուր չլինելու պատճառով վարձակալում էր այլ համայնքների հողը: Սակայն այս տարվանից սկսած՝ ջրատարի շնորհիվ նրանք կմշակեն հողը»,- ասում է Գևորգյանը: Վայոց Ձորի Վերնաշեն համայնքում USAID/PRP ծրագրի շրջանակում կառուցվել է գործող ջրագծից դուրս եկող 855մ. երկարությամբ նոր ճյուղ, որը ծառայելու է համայնքի 110 ընտանիքի ավելի քան 60 հեկտար այգիները ջրելու համար: Ջրագծի շնորհիվ այդ տարածքներում հիմնվելու է մոտ 20 հեկտար ծիրանի նոր այգի: Համայնքի ղեկավար Միքայել Բաղդասարյանն ասաց, որ ջրագիծը համայնքին կապահովի ջրի անկորուստ ոռոգմամբ: «Արդեն մոտ 30 տարի գյուղն ուներ նման ջրագծի կարիք: Սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չէինք կարողանում իրագործել ծրագիրը»,- փաստեց Վերնաշենի գյուղապետը: Շիրակի մարզի Փանիկ և Մեղրաշեն համայնքներում էլ շահագործման են հանձնվել արոտավայրերի ջրարբիացման համակարգեր՝ ընտանի կենդանիների համար նախատեսված խմոցներով: Մեղրաշենում խմոցներից ջուր է խմելու համայնքին պատկանող 900 խոշոր եղջերավոր և 2000 մանր եղջերավոր, իսկ Փանիկում՝ 1670 խոշոր և 210 մանր եղջերավոր կենդանի: Ակնկալվում է, որ նոր խմոցների շնորհիվ կենդանիների կաթնատվությունը կբարձրանա 20%-ով, ինչը կբերի բնակիչների եկամուտների ավելացում: Ընդհանուր առմամբ, 2016թ. օգոստոսից մինչև 2017թ. հուլիսի վերջը «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում իրականացվել է 33 ենթակառուցվածքային ծրագիր, ևս 3-ն ընթացքի մեջ է: Ենթակառուցվածքների զարգացումը USAID/PRP ծրագրի բաղադրիչներից մեկն է: Մյուս բաղադրիչներն են տեղական տնտեսական զարգացումը և բնության պահպանումը: # # # 2013 թ. օգոստոսից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը, «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD): USAID/PRP ծրագրի հետ կապված հարցերի համար կարող եք կապվել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) հետ: [b]ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր