211652_close_icon
views-count21796 դիտում article-date 11:09 16-09-2017

ԵԿՄ ուսումնամարզական ճամբարում բացվեց «Հայկյան նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 3 պետությունների թիմեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Գեղարքունիքի մարզում՝ եռասերունդ Երկրապահի ուսումնամարզական ճամբարում, հանդիսավորությամբ բացվեց «Հայկյան նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցաշարին մասնակցում են Հայաստանը, Ղազախստանը և Վրաստանը ներկայացնող թիմեր: Բացմանը իր շնորհավորական խոսքով հանդես եկավ նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ, ԵԿՄ վարչության նախագահության անդամ Նազիկ Ամիրյանը, ով կարևորեց այս մրցաշարը հատկպես բարեկամական կապերն էլ ավելի սերտացնելու համար: Բացման ժամանակ ընթերցվեց ԵԿՄ վրչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ մարզիկներ, մարզիչներ, մրցավարներ, մարզասեր հանրություն, եռասերունդ Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչներ. Ջերմորեն շնորհավորում եմ եռասերունդ Երկրապահի ուսումնամարզական ճամբարում նետաձգության միջազգային մրցաշարի անցկացումը: Երկրապահը մշտապես կարեւորում է սպորտի, ֆիզկուլտուրայի նշանակությունը սերունդների դաստիարակման գործընթացում: Մենք առաջնորդվում ենք «Առողջ մարմնում առողջ հոգի» ճշմարտությամբ: Երկրապահի ուսումնամարզական դասընթացներում ֆիզկուլտուրան եւ մարզական միջոցառումները առաջնային տեղ ունեն: Մենք այդ նպատակով գործակցում ենք տարբեր մարզական ֆեդերացիաների հետ՝ նետաձգություն, ձիասպորտ, թաեքվոնդո, շախմատ, ֆուտբոլ, դուքենդո, սամբո… ցանկը շատ երկար է եւ շարունակաբար համալրվող: Պատահական չէ նաեւ, որ ԵԿՄ շատ պատասխանատուներ նաեւ մարզական ֆեդերացիաներ են գլխավորում: Այսօր նետաձգության միջազգային մրցաշարի բացումն է, եւ հենց նետաձգության ֆեդերացիայի նախագահը ԵԿՄ վարչության նախագահության անդամ Նազիկ Ամիրյանն է: Ինքս թաեքվոնդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահն եմ, իսկ ֆեդերացիայի նախագահը ԵԿՄ վարչության նախագահության անդամ Կարեն Գրիգորյանն է: Տասնյակ մարզական ֆեդերացիաների նախագահներ ԵԿՄ վարչության անդամներ են, երկրապահներ: Ողջունելի է եւ դաստիարակչական, շատ ուսանելի է, որ միջազգային այս մրցաշարն անցկացվում է պատանի երկրապահների ճամբարում: Սա մի կողմից նշանակում է, որ մեր պատանի, երիտասարդ երկրապահների համար ճամբարային այնպիսի իդեալական պայմաններ ենք ստեղծում, որ այստեղ նույնիսկ միջազգային նշանակության միջոցառումներ կարելի է կազմակերպել, այս նույն պայմաններում միջազգային ճանաչում ունեցող մարզիկներն էլ կարող ենք ապրել, մարզվել եւ լավ արդյունքներ ցուցաբերել: Մյուս կողմից՝ նման խոշոր ստուգատեսի անցկացումը կնպաստի, որ մեր պատանի, երիտասարդ երկրապահներն առավել հետաքրքրվեն սպորտով, տվյալ մարզաձեւն ընտրած երկրապահների համար սա որակյալ մարզիկների հետ շփվելու փորձ եւ փորձառություն կնշանակի: Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից եւս անգամ շնորհավորում եմ «Հայկյան նետեր» միջազգային մրցաշարի մասնակիցներին, կազմակերպիչներին, մաղթում եմ բոլորիդ բարձր տրամադրություն, առողջ, ազնիվ մրցակցություն, եւ թող հաղթեն ուժեղագույնները»: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+

Նմանատիպ նյութեր