211652_close_icon
views-count14872 դիտում article-date 09:47 16-09-2017

Եկեղեցին Երևանի կենտրոնում մոտ 1.5 մլն դոլարով շքեղ շենք է կառուցել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի կենտրոնում՝ Իսրայելյան փողոցում, Հայ-առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը գեղեցիկ ճարտարապետական լուծումներով շքեղ շենք է կառուցել: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ առաջիկա օրերին տեղի կունենան շենքի բացման պաշտոնական արարողությունը: Եռահարկ շինությունը զբաղեցնում է մոտ 1000 քառակուսի մետր տարածք, ունի ընդարձակ բակ՝ մոտ 2 հազար քառակուսի մետր մակերեսով: Ստորև ներկայացված լուսանկարներում պատկերված շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 20 տարի առաջ, սակայն ընդհատվել են, և այս տարի նոր սկսել են մեծ թափով աշխատանքներ տանել: Տարածքում ոչ մի ցուցանակ տեղադրված չէ, թե ինչ է կառուցվում, ով է կառուցում և ում պատվերով: Մինչդեռ օրենքի պահանջ է շինարարական աշխատանք կատարելու ժամանակ տարածքում ցուցանակ փակցնել: Մեզ հայտնի դարձավ, որ կառուցապատման աշխատանքներն իրականացնում է «Ալգարե» ՍՊԸ-ն: Եռահարկ շինությունը, որի մեկ հարկը ստորգետնյա է, լինելու է գեղագիտական-ուսումնական կենտրոն: Շինության ներսում կան դահլիճներ, մի ամբողջ մասնաշենք նախատեսված է հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Փակ դահլիճից բացի կա նաև բացօթյա դահլիճ: Շենքը նաև ապահովված է վերելակով, հարմարեցվել է հաշմանդամություն ունեցող անձանց: Ի դեպ, ուսումնական կենտրոնը տեսանելի է նաև Աթենքի փողոցից, քանի որ շինությունը հենց Հրազդանի կիրճի բարձունքին է: Արարատյան հայրապետական թեմից նորակառույց կենտրոնին հասնելու համար անհրաժեշտ է անցնել մոտ 100 մետր: Մոտավորապես՝ 1.5 միլիոն դոլար արժեցող այս շինության ներդրողներից մեկը, որոշ տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ կառուցված շինությունը «Վարպետաց տուն»-ն է: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքո գործում են հայորդած տներ, սակայն այդ կառույցը յուրահատուկ է: Կրկին նվիրված է երեխաներին, բայց առավել չափով ծառայելու է հաշմանդամ երեխաներին և նախատեսված է իրենց համար իբրև սոցիալական, մշակութային կենտրոն, որտեղ իրենք ուսանելու են տարբեր արվեստներ, արհեստներ»,- ասաց Տեր Վահրամն ու հավելեց, որ կենտրոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից կառուցապատման համար հանձնվել է «Երևան իմ սեր» ծրագրին, որն էլ՝ բարերարությամբ Հայկ և Էլզա Թիթիզյանների՝ կառուցել է այդ շինությունը: Հարցին, թե որքա՞ն է կազմում նվիրատվության չափը, Տեր Վահրամը պատասխանեց. «Նվիրատվության չափը չենք կարող իմանալ, ես անձամբ չեմ կարող ասել, որովհետև տեղեկատվությանը չեմ տիրապետում: Ծրագիրն իրականացվել է «Երևան իմ սեր» ծրագրի կողմից, որի մասին վստահ եմ տեղեկություն ունեք, եթե իրենք նպատակահարմար գտնեն, իրենք պետք է բարձրաձայնեն նվիրատվության չափը»: Դիտարկմանը, որ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն էլ է ներդրումներ կատարել այս ծրագրի իրականացման համար, Տեր Վահրամը արձագանքեց, որ Արմեն Սարգսյանն առնչվում է նաև «Երևան իմ սեր» ծրագրին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր