211652_close_icon
views-count5970 դիտում article-date 20:31 15-09-2017

ՀԱՕԿ-ի աջակցությամբ Երեւանում երկրորդ անգամ կանցկացվի ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը

Սեպտեմբերի 17-ին ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ) երկրորդ անգամ կկայանա ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը՝ նվիրված Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Միջոցառումն անցկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ: Փառատոնին մասնակցելու համար Ճապոնիայից Երևան են ժամանել կարատեի վարպետ Մասարու Կուսանոն և ձյուդոյի մասնագետներ Յուշիհարու Մակիշին և Հիրոշի Իզումին, որոնք հայ մասնագետների համար ճապոնական մարտարվեստների սեմինարներ են անցկացնելու Օլիմպավանում, իսկ փառատոնի ժամանակ հանդես են գալու ցուցադրական ելույթներով: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին, վստահություն հայտնելով, որ նմանատիպ միջոցառումներն օգնում են հինավուրց ավանդույթներ, հարուստ մշակույթ և պատմություն ունեցող երկու ժողովուրդներին ավելի լավ ճանաչել միմյանց: Դեսպանը հույս հայտնեց, որ «Բուդո» փառատոնը Հայաստանում կանցկացվի նաև առաջիկա տարիներին, առնվազն մինչև 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղեր: Պարոն Տագուչին նշեց, որ բոլոր ծախսերը, կապված ճապոնացի մասնագետների Հայաստան այցի հետ, իր վրա է վերցրել ՀԱՕԿ-ը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա հայ մարզիչները երախտագիտություն հայտնեցին ճապոնացի մասնագետներին ոչ միայն սեմինարներ անցկացնելու, այլև բազմաթիվ հարցերին համբերատար պատասխանելու և դրանք գործնականում ցույց տալու համար:

Նմանատիպ նյութեր