211652_close_icon
views-count6739 դիտում article-date 22:34 15-09-2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել մարզական մրցույթներում հաղթող Երևանի թիմերի անդամներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի ընտանիքներին, ինչպես նաև «Տարեցների հանրապետական խաղեր 2017» մարզական ստուգատեսում հաղթած մայրաքաղաքի թիմի անդամներին: Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու և հաղթական գավաթը հերթական անգամ Երևան բերելու համար` ընդգծելով, որ հաջողության հիմնական գրավականը ընտանիքների միասնականությունն ու հաղթանակի մեծ ձգտումն է: «Արդեն բարի ավանդույթ է դարձել, որ ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթում Երևանի թիմը վերադառնում է հաղթական գավաթով: Հաճելի անակնկալ էր այս տարի առաջին անգամ անցկացված տարեցների մարզական խաղերում Երևանի թիմի հաղթանակը: Դուք, իսկապես, օրինակ եք բոլորի և հատկապես նոր սերնդի համար՝ առողջ ապրելակերպը խթանելու և սպորտի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու առումով: Գիտեք, որ սպորտի բնագավառը Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է, ինչի արդյունքում վերջին տարիներին զգալի հաջողություններ ունենք: Անելիքներ այս ոլորտում, անշուշտ, շատ կան, բայց այս հաղթանականերով դուք մեզ ոգևորում եք, որպեսզի ներդրումներն այստեղ ավելի մեծ լինեն: Երևանցիների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և վստահեցնում, որ այն քաղաքականությունը, որն այսօր տարվում է, լինելու է շարունակական: Վստահ եմ նաև, որ սպորտի մասսայականացմանն ուղղված մեր ջանքերի շնորհիվ հաջորդ տարի Երևանի թիմերի հաջողություններն այս մարզական ստուգատեսներում կավելանան», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում մայրաքաղաք Երևանի մարզական պատիվը բարձր պահելու համար մրցույթին մասնակցած բոլոր ընտանիքները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով և հուշանվերներով: Շնորհակալագրերով են պարգևատրվել նաև «Տարեցների հանրապետական խաղեր 2017» մրցույթի եզրափակիչ փուլում երևանյան թիմի մասնակցությունը լավագույնս ապահոված տարեցները: Թիմերի մասնակցությունը լավագույնս ապահովելու համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերին են արժանացել նաև մարզիչները, ինչպես նաև Երևանի մարզական պատվիրակության ներկայացուցիչ Արա Բաղրամյանը: Տարիներ շարունակ իր ընտանիքի հետ մրցույթի ակտիվ մասնակից Հայկ Մարգարյանը, որը եղել է Երևանի թիմի ավագն ու այսուհետ չի մասնակցելու մրցույթին, հանդիսավոր արարողության շրջանակում թիմի ավագի խորհրդանշակն թևկապը փոխանցել է թիմի նոր ավագ Էրիկ Մարտիրոսյանին: Հանդիպման ավարտին «Լավագույն մարզական ընտանիք 2017» հանրապետական մրցույթի և «Տարեցների հանրապետական խաղեր» մարզական խաղերի գավաթներն ի պահ են տրվել Երևանի քաղաքապետարանին: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր