211652_close_icon
views-count9199 դիտում article-date 21:45 14-09-2017

Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանի աղջիկների թիվն ավելացել է

2016-2017 ուսումնական տարում Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանն ունեցել է 28 շրջանավարտ, որից 26-ը հայտ է ներկայացրել ընդունվելու բարձրագույն ուսումնական հաստատություններ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քրիստափոր Իվանյանի անվան վարժարանի պետ, փոխգնդապետ Վահրամ Հակոբյանը և հավելել, որ նրանցից 10 շրջանավարտ ընդունվել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, 1 աղջիկ էլ ընդունվել է Ա. Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտ՝ մնացածները ՌԴ տարբեր ուսումնական հաստատություններ: «Այս տարի ընդունված 56 սանից 7-ն աղջիկներ են. նրանք անցել են նախնական զինվորական պատրաստության կատարելագործման դասընթացներ: Նախորդ տարվա համեմատ այս տարվա ընդունվածների կրթական մակարդակը որոշակիորեն բարձր է, որն էլ հեշտացնում է կրթադաստիարակչական աշխատանքները: Տարեցտարի ավելանում է վարժարան ընդունվող աղջիկների թիվը. այս պահին վարժարանում սովորում է 17 աղջիկ: Աղջիկների մուտք վարժարան՝ ազդում է տղաների պահվածքի, խոսքի կուլտուրայի վրա, խթանում գրական-գեղարվեստական միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը»,-նշել է Վ. Հակոբյանը: Ռազմամարզական վարժարանի հայոց պատմության և հասարակագիտության դասախոս Ալյոնա Գրիգորյանը, խոսելով կրթարանի ուսուցման պրոցեսի մասին, նշել է, որ վարժարանում դասավանդում են ընդհանուր հոսքի առարկաներ, սակայն շեշտը դրվում է բնագիտական առարկաների վրա: «Մինչ ուսումնական տարվա մեկնարկը 1 շաբաթ ժամկետով աշակերտները գալիս են վարժարան և ծանոթանում նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) առարկային: Այդ ժամանակամիջոցում ծանոթանում են նաև վարժարանի ներքին կարգուկանոնին: Իսկ արդեն սեպտեմբերից, որպես վարժարանի սան կանոնավոր հաճախում են դասերի»,- մասնավորապես ասել է Ա. Գրիգորյանը: Առաջին կուրսի ուսանող Բորիս Ջալալյանը մեզ հետ զրույցում ասել է, որ մանկուց է երազել զինվորական կրթություն ստանալու մասին: «Ընտանիքս համաձայնել է, որ ընդունվելով ռազմամարզական վարժարան իրականացնեմ իմ երազանքը: Հեշտությամբ եմ հարմարվել վարժարանի կարգ ու կանոնին, ձեռք եմ բերել նոր ընկերներ: Ինձ լավ եմ զգում, որովհետև մեզ հետ աշխատում են փորձառու, գրագետ սպաներ, ովքեր ցուցաբերում են բարիացակամ վերաբերմունք: Վարժարանն ավարտելուց հետո որոշել եմ ուսումս շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում»,-ասել է Բ. Ջալալյանը: Վարժարանի երրորդ կուրսի սան Ինգա Եփրեմյանը երազում է դառնալ զինվորական իրավաբան, պաշտպանել զինվորների և սպաների իրավունքները: «Ես ևս հարմարվել եմ վարժարանի առօրյային: Տղաների հետ մեր շփումը լինում է միայն դասերի ժամանակ: Մեր՝ աղջիկներիս ներկայությունը տղաների վարքի վրա շատ դրական է ազդում»,-նշել է Ի. Եփրեմյանը: Իսկ Արփինե Ավանեսյանն էլ ասել է, որ իր ռազմական կրթություն ստանալու որոշումը առաջացել է ապրիլյան պատերազմից հետո. այդ օրերի ծանր կորստյան ցավը, հաղթանակի հպարտությունն անտարբեր չի թողել ոչ ոքի: «Եթե մենք միասին ենք, ուրեմն անկոտրում ենք. մեզնից յուրաքանչյուր ոք այսպես է մտածում և պատրաստ է հաղթանակների: Ես խորհուրդ եմ տալիս բոլորին, որ ընտրեն զինվորականի մասնագիտություն: Ինձ ոգևորողը հայրս էր. նա երազում է, որ իր աղջիկը մի օր կդառնա գեներալ»,- անկեղծացել է Ա. Ավանեսյան: Երկրորդ կուրսի ուսանող Ռոբերտ Պողոսյանն իր խոսքում նշել է, որ ինքը ցանկություն ունի կրթությունը շարունակի ՌԴ-ն ռազմական ոստիկանությունում: «Այստեղ՝ ռազմական վարժարանում մենք տղամարդ ենք դառնում, ձեռք բերում կամքի ուժ և տոկունություն, որպեսզի իշտ պատրաստ լինենք հայրենիքի պաշտպանության համար նվիրվելու»,-Ռ. Պողոսյան: [url=http://artsakhpress.am/arm/news/72512/stepanakerti-qristapor-ivanyani-anvan-razmamarzakan-varzharani---axjikneri--tivn--avelacel-e-lusankarner.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր