211652_close_icon
views-count9361 դիտում article-date 17:54 14-09-2017

Թեմայի հետ կապված առարկություն չունենք, «Խավարում» ցուցադրությունը կարող է շարունակվել. Արմեն Ամիրյան

Կառավարության նիստից հետո ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած՝ կոմունիստական ամբողջատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակմանը: Հիշեցնենք, որ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը հայտարարել էր, որ ցուցահանդեսը փակվել է «քաղաքական» պատճառով: «Թեմայի հետ կապված մենք որևէ առարկություն չունենք, առավել ևս տարվա ընթացքում այս թեման մենք արծարծել ենք տարբեր առիթներով: Թանգարանային գիշերն ունեցել է թեմայի ենթավերնագիր, սեպտեմբերի 22-ին Ազգային գրադարանում բացվում է նույն թեմայով ցուցադրություն, հրատարակվել են գրքեր, հանձնարարական ունենք ՀՀ նախագահից՝ մշակել առանձին թանգարան՝ ստալինյան բռնապետության զոհերի հետ կապված»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ ցուցահանդեսի փակման պատճառը աշխատանքային ներքին կանոնակարգն է: Նա ասաց, որ որևէ ցուցադրություն թանգարանը պիտի համապատասխանեցնի նախարարության հետ, նախարարության ներկայացրած տարեկան սուբսիդիայի պայմաններում որևէ տեղ նշված չկա այս ցուցադրության մասին: «Այո, մենք տեղյակ չենք եղել այդ ցուցադրության մասին, ես տեղեկացվել եմ կիսամյակին հաշվետվության ժամանակ՝ բացումից 1 շաբաթ հետո մոտավորապես: Մենք առաջարկել ենք վերատեսության ենթարկել, գա ու նախարարության համապատասխան վարչության հետ համաձայնեցնեն, ձևակերպումներ անելուց հետո ցուցադրությունը նորից կարող է վերականգնվել, բովանդակության հետ կապված ոչ մի առարկություն չունենք»,- ասաց նա: Անդրադառնալով թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հայտարարություններին, թե իրեն սպառնացել են ԱԱԾ-ից, որպեսզի ցուցադրությունը փակի, նախարարը շեշտեց, որ որևէ մեկն իրավունք չունի թանգարանի տնօրենին սպառնալ: Նա ասաց, որ եթե եղել են սպառնալիքներ, ապա սպառնացողը պատասխան կտա: «Ես անձնապես որևէ խնդիր չունեմ բովանդակության հետ, որովհետև այնտեղ ցուցադրված նյութում արծարծվում են նաև իմ ազգականների անունները»,- ասաց նա և նշեց, որ կնախաձեռնի, որպեսզի ցուցադրությունը վերաբացվի: Ըստ նրա՝ Նարինե Թուխիկյանը լավագույն տնօրեններից է:

Նմանատիպ նյութեր