211652_close_icon
views-count5079 դիտում article-date 14:22 14-09-2017

Գյուղվարկերի սուբսիդավորումը բավականին ծանր բեռ է, բայց մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալու. վարչապետ

Այսօր կառավարությունը հավանության արժանացրեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ներկայացրած՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: Նախարարն ասաց, որ ծրագիրը վաղուց գործում է, սակայն այլ պայմաններով է գործում. «Վարկերը տրամադրվում են մինչև 8 տոկոս տոկոսադրույքով և մինչև 3 միլիոն: Ծրագրի փոփոխության հետ կապված մեր առաջարկն է՝ այն դարձնել ավելի արդիական և ուղղել գյուղացիական տնտեսությունների զարգացմանը: Այսպիսով նախատեսվել է մինիմալ շեմը դարձնել 3 միլիոն, մաքսիմալը՝ 10 միլիոն, մինչև 5 տարի ժամկետով և տրամադրել 5 տոկոսանոց վարկեր, մնացածը սուբսիդավորվելու է պետբյուջեի կողմից»։ Իգնատի Առաքելյանը, բացի այդ, տեղեկացրեց, որ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տվյալ վարկերը կտրամադրվեն 3 միլիոնով, որպեսզի լրացուցիչ աջակցություն լինի: «Մենք ակնկալում ենք չորրորդ եռամսյակում մինչև 1600 շահառուի հետ պայմանագիր կնքել, շահառուները պարտադիր պետք է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամով ուսուցում անցնեն, պարտադիր մոնիտորինգ ենք իրականացնելու, որ հասցեական լինի ծրագիրը»,-ասաց նա և նշեց, որ գումարները լինելու են փուլային: «Ակնկալում ենք, որ արդյունքում գյուղատնտեսության ոլորտում կզարգանա ներդրումային գրավչությունը, կընդլայնվեն տնտեսվարողների կարողությունները, հնարավորություն կստեղծվի շահառու տնտեսությունների կայունացման և արդիական տեխնոլոգիաների օգտագործման համար»,-ասաց նա: Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց, թե բանկերի հետ բանակցությունները ինչ փուլում են, իսկ նախարարը նշեց, որ ընտրելու են, թե որ բանկը կտա ավելի նվազագույն շեմով տոկոսադրույք, որի հետ կսկսեն համագործակցել: «Ուզում եմ ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրել գյուղատնտեսության ոլորտում ներկայումս իրականացվող քաղաքականության վրա: Ուղղակի ֆիքսենք՝ ինչ ենք անում. գյուղատնտեսության տրամադրման վարկի տոկոսը սուբսիդավորում ենք, որ օգտատերը վճարի ընդամենը 2 տոկոս, կաթիլային համակարգ դնողը՝ 2 տոկոս, հակակարկտային ցանցի օգտատերը՝ 2 տոկոս, ինտենսիվ այգի դնողը՝ 5 տոկոս»,-ասաց նա: Չնայած դրան, վարչապետն ասաց, որ տնտեսական առումով կա վտանգ, քանի որ ինֆլյացիան 2 տոկոսից ավելի է: «Բանկիրները, ֆինանսիստները կասեն, որ մենք շուկան փչացնելու տենդենց կարող ենք ստեղծել: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մենք համոզված ենք, որ գյուղատնտեսությունը կարող է լինել ժամանակակից, շահութաբեր և լավ բիզնես: Մենք սրանով ուզում ենք զարկ տալ, որպեսզի այս ալիքը բարձրանա, հաջողակ օրինակներ առաջանան, հետագայում իրենք ինքնուրույն կարող են առաջ շարժվել»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ կատարվող քայլերը՝ շուկաները մեծացնելու ուղղությամբ, ցույց են տալիս, որ ունենք մեծ ներուժ, և դրա համար հետևողական քայլեր են իրականացնում: «Մենք շատ լավ գնահատում ենք, որ դա մեզ համար բավականին ծանր բեռ է, բայց ինքը մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալու, և մենք բազմաթիվ սոցիալական խնդիրներ ենք լուծելու գյուղի բնակիչների, գյուղատնտեսների համար»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր