211652_close_icon
views-count3416 դիտում article-date 13:29 14-09-2017

Պետք է ուշադրություն դարձնենք կոնյակի և գինու շուկայում հայկական բրենդի հսկողության վրա. վարչապետ

«Իրականացված ուսումնասիրության արդյունքում վերհանվել են որոշակի խնդիրներ մթերված խաղողի ծավալների և գինենյութերի ծավալների միջև, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում»,- կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը խաղողի մթերման գործընթացի արդյունավետության բարձրացման, գինենյութերի որակի հսկողության և ոլորտում առկա ռիսկերի վերացման նպատակով գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց խաղողի մթերումների ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա պարբերաբար՝ շաբաթական կտրվածքով ամփոփել խաղողի մթերումների արդյունքները՝ ըստ մթերող ձեռնարկությունների: Կարեն Կարապետյանը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին հանձնարարեց սահմանված տեղեկատվության հիման վրա իրականացնել մոնիտորինգ: «Շեշտը դնում ենք «դիտարկում» բառի վրա, պարո՛ն Կարապետյան, առկա գինենյութերի ծավալները մթերված խաղողի ծավալների հետ համադրելու նպատակով»,- ասաց վարչապետը և հանձնարարեց արդյունքների հիման վրա առաջարկություն ներկայացնել կառավարության աշխատակազմ: «Մենք ունենք կոնյակի և գինու վաճառքի աճի որոշակի տենդենց: Գյուղնախարարությունը և Ազգային զարգացման հիմնադրամը շատ ինտենսիվ աշխատում են շուկան ընդլայնելու ուղղությամբ, մենք պետք է համապատասխան ուշադրություն դարձնենք այդ պրոդուկտի հայկական բրենդի որոշակի հսկողությանը»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր