211652_close_icon
views-count2591 դիտում article-date 19:23 13-09-2017

«Հայ օգնության միության» կենտրոնական վարչության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ օգնության միության Կենտրոնական վարչության պատվիրակությանը՝ ատենապետուհի Քարոլին Շմավոնյանի գլխավորությամբ: ՀՕՄ պատվիրակության կազմում էին փոխատենապետուհի Նայիրի Տերտերյանը, քարտուղարուհի Ռիթա Հինթլյանը, գանձապահ Սիլվա Գույումճյանը, ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամներ Լիզա Ավագյանը, Նելլի Վեքիլյանը, Աննա Տեր Հակոբյանը, Վարսենիկ Սարգիսյանը, Սոնյա Աքելյանը, Ալեսյա Բեջանյանը Օժիկ Գրիգորյանը, Նելլի Նարգիզյանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորեց կառույցի անդամներին՝ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության 25-ամյակի և սեպտեմբերի 6-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզի հանդիսավոր բացման առթիվ: Հրանուշ Հակոբյանը կարևորեց Սփյուռքում ՀՕՄ-ի հայանպաստ գործունեությունը, առողջապահական, կրթական, սոցիալական ծրագրերի իրականացումը, պատշաճ ուշադրությունը լեզվի և ինքնության պահպանության հարցերին: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ հավաքվել եք Կենտրոնական վարչության ամբողջ կազմով: Մենք հպարտանում ենք ՀՕՄ-ով, որովհետև մեկ դարից ավելի է՝ այսքան ազգանվեր աշխատանքներ եք կատարել: Դուք ձեր գործունեությամբ ապացուցել եք, որ հայ կինը նվիրյալ է, նախաձեռնող, գործունյա: Աշխարհի բոլոր կետերում ՀՕՄ-ուհիների արածը միշտ էլ արդյունավետ է եղե;: Շատ կարևոր են հայոց լեզվի պահպանության հարցերին ուղղված գործունեությունը, հատկապես երիտասարդների շրջանում: Ինքնության պահպանման, երիտասարդներին հայ պահելու համար մեծ նշանակություն ունեն նրանց Հայաստան այցելությունները»: Նախարարը ներկայացրեց Սահմանապահ գյուղերին աջակցության» ծրագիրը և առաջարկեց 43 գյուղերից ընտրել մեկն ու այն դարձնել «ՀՕՄ-ի գյուղ», շենացնել այն, մանկապարտեզ, դպրոց վերանորոգել, սոցիալական ծրագրեր իրականացնել: Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին կառույցի մասնակցությանը, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՕՄ-ի միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: ՀՕՄ Կենտրոնական վարչության անդամները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար: Նրանք նախարարին ներկայացրին իրականացրած աշխատանքները, պատրաստակամություն հայտնեցին մասնակցել «Սահմանապահ գյուղերի աջակցություն» շարժմանը, ակտիվացնել մասնակցությունը նախարարության ծրագրերին: ՀՕՄ-ը Հայաստանում գրանցվել է 1991 թվականին և շուրջ 600 անդամուհիներով գործում է Հայաստանի Հանրապետության 48 համայնքում: ՀՕՄ-ի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանի Հանրապետությունում իրավական, ժողովրդավարական պետության ձևավորմանը և քաղաքացիական հասարակության կերտման գործընթացին, օժանդակել հայ ժողովրդի սոցիալական, կրթական, առողջապահական և բարեսիրական ծրագրերի իրականացմանը:

Նմանատիպ նյութեր