211652_close_icon
views-count5016 դիտում article-date 15:31 13-09-2017

Պատգամավորներին զայրացրեց Կենտրոնական բանկի առաջարկը հիպոթեքային վարկի վերաբերյալ

ԱԺ-ն այսօր քննարկեց Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման մասին օրենքի նախագիծն ու հարակից փաթեթները: Զեկուցող՝ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը հայտարարեց, որ փոփոխություններն ուղղված են սպառողների իրավունքների պաշտպանությանը և հիպոթեքային վարկերի շուկայում մրցակցության բարձրացումը: Նախագծով սահմանվում է լողացող տոկոսադրույք հսկացությունը: Լողացող տոկոսադրույքը կարող է ենթադրել տոկոսադրույքների իջեցում կամ բարձրացում: Այսպես, նախագծի 13-րդ դրույթով, նախատեսված է, որ վարկը վաղաժամկետ մարելու համար քաղաքացին պարտավոր է տոկոսներ վճարել: Ներսես Երիցյանը բացատրեց. «Դուք մեկ միլիոն վերցրել եք, դրա վրա 10 տարի 10 տոկոս պետք է վճարեք: Բայց դուք ընդամենը մեկ տարի այդ մեկ միլիոնի 100 հազար դրամը վճարում եք, մեկ միլիոնն էլ վճարում եք: Բանկը 10 տարվա այն 9 անգամ 10-ը օգուտ չի ստանում: Դրա համար եթե ինքն իմանա, որ ամեն մեկն այդպես արագ մարելու է, այդ տարբերությունը դնելու է տոկոսարդույքների մեջ և 10 տարվա ռիսկ չի վերցնելու»,- ասաց նա: Այս դրույթը վրդովմունք առաջացրեց պատգամավորների մոտ: ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն առաջարկեց միանգամից բանկում օդի տուրք սահմանել և ամեն հաճախորդից միայն բանկ մտնելու համար 100 դոլար գանձել: «Դուք շատ պարզ ասում եք հետևյակը՝ եթե վարկառուն վարկ է վերցրել ու վարկը պետք է հետ վերադարձնի, նա պետք է ավելի գումար վճարի: Նա եթե վարկ է վերցրել, տոկոսադրույքը վճարում է վերցրած մայր գումարի համար: Եթե նա գումարը հետ է տալիս, դուք ասում եք՝ բանկի ծրագրերը խառնվեցին, որովհետև 10-15 օր հետո բանկը պետք է կարողանա նոր վարկառու ներգրավել, այդ օրերի գումարը ես պետք է վերցնեմ, որ բանկը չտուժի: Բա քաղաքացի՞ն»,- ասաց Հակոբ Հակոբյանը: Ծառուկյան դաշինք խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ևս քննադատեց նախագիծը: «Ասում են՝ քաղաքացի, եթե հանկարծ քո վիճակը լավացել է և դու տանում ես ժամկետից շուտ քո վարկերը մարում ես, դու պետք է շքեղության հարկ տաս, որ վիճակդ լավացել է, բանկին պետք է տուրք տաս, որ բանկի հնարավոր շահույթների մեխանիզմը խախտել ես: Եվ զեկուցողը զարմանում է, որ մենք այստեղ քաղաքացու շահն ենք պաշտպանում: Մենք ասում ենք, որ եթե քաղաքացին հնարավորություն ունի պայմանագրից շուտ մարելու վարկը, նրան չպետք է ասել՝ ստոպ, դու դրա համար պիտի նալոգ վճարես: Այս համակարգը ամբղջապես պետք է վերանայվի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Ներսես Երիցյանն արձագանքեց, որ որոշ պատգամավորներ մոլորեցնում են մարդկանց, որ այս նախագծի դրական կողմերը չտեսնեն: «Լողացող է, թե ֆիքսված է, երկուսն էլ շուկայական տոկոսադրույք են: Լողացողն ավելի շուկայական է, քան ֆիքսվածը: Ամբողջ աշխարհում վեց տոկոսից մինչև 30-50 տոկոս տոկսադրույք կա, զարգացած երկրներ կան, որտեղ 500 տոկոս տոկսադրույք կա»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր