211652_close_icon
views-count4662 դիտում article-date 13:36 12-09-2017

ՊԵԿ-ը սարքավորման և հումքի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու նախաձեռնություն է ներկայացրել

Բիզնեսին ներդրումների արագ հետգնման և շրջանառու միջոցներ ունենալու հնարավորություն է ընձեռվում: Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: ՊԵԿ-ը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել հարկային համակարգի համար արմատական 2 փոփոխություն, որից մեկը վերաբերում է ՀՀ ներմուծվող արտադրական նշանակության հումքի և մեքենասարքավորումների համար մաքսային սահմանին ԱԱՀ չգանձելուն, մյուսը՝ արտահանողներից բացի նաև հանրապետության ներսում գործունեություն իրականացնողներին ԱԱՀ վերադարձնելուն: «Նախագծերի կյանքի կոչմամբ էականորեն բարելավվելու է երկրի ներդրումային գրավչությունը, և նախադրյալներ են ստեղծվելու՝ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի ապահովման համար, ինչը ռազմավարական ծրագրի առաջնահերթություններից է»,-նշել է Վախթանգ Միրումյանը: Սահմանին ԱԱՀ չվճարելով տնտեսվարողն ունենում է շրջանառու միջոց, որը կարող է ներդնել տնտեսական գործունեության ընդլայնման համար: Փոխարենը պետությունը ԱԱՀ-ի գումարը կստանա արտադրանքի իրացման փուլում հաշվարկվող հարկի գանձումից: Նախագիծն ուժի մեջ է մտնելու 2018թ. հունվարի 1-ից, սակայն որպեսզի ներդրողներն այդքան չսպասեն, անցումային դրույթ է մշակվել այն տնտեսվարողների համար, ովքեր կառավարության ներդրումային ծրագրով ներկրված մեքենասարքավորումների համար ԱԱՀ-ի վճարումը 3 տարով հետաձգելու արտոնություն են ստանում. «Օրենքի հրապարակումից հետո համապատասխան սարքավորումներ ներկրողները նույնպես հետաձգման փոխարեն կազատվեն ԱԱՀ-ի վճարումից»,-հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալը: Նա տեղեկացրել է նաև, որ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի դեպքում հարկ վճարողներն իրենց ընտրությամբ, կախված տնտեսական գործունեության տեսակից, կարող են շահութահարկի տեսքով կատարվող ներդրումները հետգնել 1 տարվա ընթացքում: Կոմիտեի ներկայացրած մյուս նախագծով, որն ուժի մեջ է մտնելու 2018թ. հուլիսի 1-ից, պետությունը հանրապետության ներսում գործունեություն իրականացնողներին 6 ամիս հետո վերադարձնելու է մատակարարների հետ գործարքներից առաջացած ԱԱՀ-ի գումարը: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի դիտարկմամբ, այս համարձակ նախաձեռնությունների համար երաշխիք է ծառայել հարկային եկամուտների աճը. «Արդյունավետ վարչարարության և ստվերի կրճատման շնորհիվ հաջողվել է 2016թ. սեպտեմբերից մինչև 2017թ. օգոստոս ամիսներին ապահովել ավելի քան 1 տրիլիոն 139 մլրդ դրամ հար¬կա¬յին և մաքսային եկամուտներ, ինչը շուրջ 6.6%-ով կամ ավելի քան 70.8 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Ընդ որում, առանց ԱԱՀ վերադարձի գումարների եկամուտները կազմել են ավելի քան 1.08 տրիլիոն դրամ, ինչը մոտ 6.2%-ով կամ 62.9 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը»: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել են նաև պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող գերավճարները և ապառքները՝ համապատասխանաբար շուրջ 6.4 և 7.4 մլրդ դրամով: Իսկ արտահանողներին վերադարձվող ԱԱՀ գերավճարները կազմել են ավելի քան 57.3 մլրդ դրամ, ինչը 7.9 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվանից: Ցուցանիշների աճը Վախթանգ Միրումյանը պայմանավորում է ոչ միայն արտահանման դրական տեմպերով, այլև վարչապետի հանձնարարությամբ կոմիտեի նախաձեռնած մի քանի բարեփոխումներով: «Մասնավորապես՝ կառավարության որոշմամբ մինչև 20 մլն դրամ ԱԱՀ-ի հայտերի դեպքում գերավճարների վերադարձման ժամկետը սահմանվել է առավելագույնը 4 օր՝ նախկին 90+90 օրվա փոխարեն, 20 մլն դրամից ավելի հայտերի դեպքում ժամկետը կրճատվել է մինչև 77 օր, ինչպես նաև կրկնակի նվազեցվել է օտարերկրյա անձանց ԱԱՀ գումարների վերադարձման սահմանաչափը»: ՊԵԿ նախագահի տեղակալը կարևորել է այն հանգամանքը, որ հարկային եկամուտների աճն արձանագրվել է հարկային ստուգումների 47.8% կրճատման պարագայում. «Ապավինել ենք անհատական վերլուծություններով հսկողական գործիքակազմի կիրառման պրակտիկային և մոնիթորինգի կենտրոնի գործարկմանը»: Մաքսային բնագավառի բարելավումները, ըստ Վախթանգ Միրումյանի, նույնպես անդրադարձել են վարչարարության վրա. «Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրմամբ նվազեցվել է մաքսավոր-հայտարարատու անմիջական շփումը, բարձրացվել մաքսային հսկողության արդյունավետությունը, ազատականացվել է մաքսային հայտարարագրման դաշտը»: Անդրադառնալով ընթացքի մեջ գտնվող նախաձեռնություններին՝ Վախթանգ Միրումյանը կարևորել է մաքսային հսկողության «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրումը, ինչպես նաև 2018թ.-ից 1 միասնական գանձապետական հաշվի գործարկումը, որը իրավական հարթությունում վերացնելու է «գերավճար խնդրելու» պրակտիկան, որը խստիվ արգելվում է նաև ՊԵԿ նախագահի հանձնարարականով: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր