211652_close_icon
views-count4866 դիտում article-date 10:44 12-09-2017

Նոյեմբերի 24-ին ընդառաջ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Որքան մոտենում է նոյեմբերի 24-ը, երբ Բրյուսելում կայանալու է Արևելյան գործընկերության համաժողովը, այնքան սաստկանում է Ռուսաստանի «պրեսինգը» մեր երկրի հանդեպ, քանի որ այդ համաժողովում նախատեսված է փաստաթուղթ ստորագրել ԵՄ-ի հետ: Դա շատ ավելի համեստ փաստաթուղթ է, քան Ասոցացման համաձայնագիրը, բայց ստորագրելու հեռանկարը, միևնույն է, նյարդայնացնում է Ռուսաստանին: Կրեմլում «թարս նայեցին» վրաց-ամերիկյան զորավարժություններին մեր մասնակցությանը, ինչպես նաև Երևանում փողոցների վերանվանման շուրջ քննարկումներին: (Շատ վատ է, որ նման անհեթեթ խանդի դրսևորումների հետ մենք պետք է հաշվի նստենք, բայց ես դեմ եմ կատաստրոֆիկ գնահատականներին՝ սա աշխարհի վերջը չէ): Նույն «սերիայից» է «ՌԻԱ-Նովոստիի» հոդվածը, որի հեղինակը «մուննաթ էր գալիս» Հայաստանի վրա, թե ինչու ենք մենք ուզում զենք գնել Չինաստանից: Ճիշտ է, հետագայում այդ հոդվածը հանեցին կայքից՝ հավանաբար, իրենց լեզվով ասած, «պերեբոր» համարեցին: Դրան նաև ավելացնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանը «բարոյական աջակցություն» է հայտնել Ադրբեջանին «լվացքատուն» կոչվող արևմտյան բացահայտումների հարցում՝ փաստացի հայտարարելով, որ կոռուպցիայի և «ատկատների» հարցում Ռուսաստանը Ադրբեջանի մեջքին սարի պես կանգնած է: Ճիշտ է, հանուն արդարության պետք է ասել, նման հարցերում Կրեմլը կանգնած է նաև մեր իշխանավորների մեջքին: Այդ ամենն, իհարկե, խնդիր է, բայց այնպիսի խնդիր, որը պահանջում է հանգիստ, սառնասիրտ մոտեցում, բանակցություններ, ճկունություն, բայց ոչ՝ լացուկոծ կամ հիասթափված բացականչություններ: Ռուսաստանն առաջ է տանում իր շահերը, որոնք կարող են համընկնել, իսկ կարող են նաև չհամընկնել մեր շահերի հետ: Նույնը՝ Եվրամիությունը: Եթե պատկերացում կա, որ Բրյուսելում ինչ-որ բարեգործներ են նստած, որոնք երազում են, թե երբ է Հայաստանը եվրոպական, օրինական, ժողովրդավարական և տնտեսապես զարգացած երկիր դառնալու, այդպիսի պատկերացում ունեցողները սխալվում են: Եվրամիությունը նույնքան «անշահախնդիր է» նախկին խորհրդային պետությունների նկատմամբ, որքան Ռուսաստանը: Եվ երբ մենք ասում ասում ենք, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին ոչ մի օգուտ չբերեց (որը ճիշտ է), ապա թույլ տվեք հարցնել, թե ի՞նչ օգուտ բերեց Ասոցացման համաձայնագիրը Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային: Առանց վիզաների ռեժի՞մ: Դա, իհարկե, շատ հարմար բան է՝ Եվրոպա հանգստի գնալուց դեսպանատներում կամ, առավել ևս, այսպես կոչված «վիզաների կենտրոնում» հերթ չկանգնելը: Բայց կդժվարանայի ասել, որ դա որևէ մեկի կյանքում ճակատագրական նշանակություն ունի: Պետք է, իհարկե, ձգտել ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմի: Պետք է փորձել ստորագրել «Արևելյան գործընկերության» շրջանակներում թեկուզ այս՝ «համեստ» փաստաթուղթը, ընդհանրապես պետք է զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Բայց դա մեր որևէ ցավին համադարման չէ: Ոչ էլ՝ եվրոպացի լինելու երաշխիք»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր