211652_close_icon
views-count3935 դիտում article-date 22:31 11-09-2017

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Իրաքի քրիստոնյա հոգևոր առաջնորդներին

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի քրիստոնյաների և կրոնական այլ փոքրամասնությունների ավանդապահության (Վակֆ) հարցերի քարտուղարության ղեկավար Ռաադ Ջալիլ Ջիրջիս Քաչաչին և Իրաքի քրիստոնյա հոգևոր առաջնորդներին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը բազմիցս է միջազգային հարթակներում դատապարտել ԴԱԵՇ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականցվող բռնությունները, բարձրաձայնել Իրաքում և մերձավորարևելյան այլ երկրներում ազգային ու կրոնական, ներառյալ քրիստոնեական փոքրամասնությունների առջև ծառացած հիմնախնդիրները և իր նպաստն է բերում նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող միջազգային ջանքերին: Այս համատեքստում արտգործնախարարը կարևորեց տարածաշրջանի հինավուրց համայնքներից մեկի` իրաքահայության, նրա մշակութային, կրոնական ու համայնքային հաստատությունների պահպանությունը: Նա բարձր գնահատեց կենտրոնական ու շրջանային իշխանությունների արժեքավոր օժանդակությունը Քիրքուկում և Էրբիլում հայկական եկեղեցիների կառուցմանը: Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում Իրաքի տարածքի մեծ մասը ԴԱԵՇ-ից ազատագրելու կապակցությամբ՝ ընդգծելով դրա էական նշանակությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերահաստատման գործում: Իրաքի Վակֆի քարտուղարության ղեկավարը և իրաքյան կրոնական փոքրամասնությունների առաջնորդներն անդրադարձան երկրում տիրող իրավիճակին, ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումների կողմից իրականացվող բարբարոսություններին, համայնքներին հուզող խնդիրներին, իրաքյան կառավարության և միջազգային հանրության կողմից դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերին։ Զրուցակիցները կարևորեցին տարածաշրջանի ազգային ու կրոնական ժառանգության պահպանումը և հանդուրժողականության ու համակեցության ավանդույթների վերականգնումը:

Նմանատիպ նյութեր