211652_close_icon
views-count9137 դիտում article-date 10:54 09-09-2017

«Պապաները» գողանում են, ուրեմն ես էլ պիտի գողանամ, «պապաները» անգրագետ են, ուրեմն ես էլ պիտի անգրագետ լինեմ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Պետությունը ընտանիքի նման է, և ընտանիքի հայրը պետք է լավ պահի իր զավակներին»: Հազար անգամ լսել եմ այդ արտահայտությունը և մշտապես ընդվզել եմ նման ձևակերպման դեմ: Ժամանակակից պետության մեջ չկան հայրեր, մայրեր կամ քեռիներ, չկան աղաներ և նոքյարներ, կա վարչակազմ՝ մարդկանց մի խումբ, որին մենք ժամանակավորապես հանձնարարել ենք կատարել որոշ գործառույթներ. պարտադիր չէ, որ նրանք մեզանից ավելի տաղանդավոր կամ բարոյական լինեն, կարևոր է՝ լավ կատարեն իրենց պարտականությունները: Սևեռվել այդ մարդկանց վրա, առավոտվանից գիշեր մտածել նրանց մասին, բողոքել նրանցից՝ դա հայաստանցիների սիրած զբաղմունքն է: Ոչ միայն հայաստանցիների՝ բոլոր այն ազգերի, որոնք դեռևս չեն թոթափել տոտալիտարիզմի փոշին, և որոնց պատկերացումները քաղաքականության մասին սահմանափակվում են լավ կամ վատ «պապաների» արժանիքների կամ թերությունների քննարկմամբ: Նույն «մանկամիտ» տրամաբանության մեջ է հետևյալ ձևակերպումը՝ մենք մեզ վատ ենք պահում, որովհետև «նրանք» մեզ վատ օրինակ են ծառայում: Էլի ընտանիքի նման. պապան ծխում է, փիս-փիս բառեր է օգտագործում, գոռում է մամայի վրա, ուրեմն դա է ճիշտը, այդպիսին է նորմալ տղամարդու վարքի ստանդարտը: Ընտանիքի դեպքում այդ տրամաբանությունն, իհարկե, ճիշտ է: Բայց պետությունը, կրկնեմ, ընտանիք չէ: Պետության մեջ չես կարող արդարանալ վատ ժառանգականությամբ կամ վատ շրջապատով՝ այստեղ ամեն մի քաղաքացի ինքն է պատասխան տալիս իր վարքի համար: Չի աշխատում արդարացումը՝ «պապաները» գողանում են, ուրեմն ես էլ իմ չափով պիտի գողանամ, «պապաները» անգրագետ են, ուրեմն ես էլ պիտի անգրագետ լինեմ, ես պիտի լինեմ նաև ամբարտավան, նեղմիտ, անհանդուրժող՝ ճիշտ իմ «պապաների» նման: Իսկ գուցե այդպես արդարացողին ձեռնտո՞ւ է այդպիսին լինել, և այդպիսին չլինելը նշանակում է դուրս գալ «հարմարավետության գոտուց»: Այո, իսկապես դժվար է, ի հեճուկս ամեն ինչի սեփական վարքագիծն ունենալ և փորձել լավ օրինակ ծառայել: Երբ դուք մայթից հավաքում եք աղբը, դուք նպաստում եք փողոցի մաքրությանը, բայց նաև լավ օրինակ եք ծառայում: Երբ գիրք եք կարդում, համալրում եք ձեր մտավոր պաշարը, բայց դա լավ օրինակ է ուրիշի համար: Երբ փորձում եք ոչ մի վատ բան չխոսել և, ամենակարևորը՝ չմտածել որևէ մարդու մասին, դա պետք է նախևառաջ ձեր հոգու «էկոլոգհամակարգի» համար, բայց գուցե ձեզ շրջապատողները ոգևորվե՞ն այդ օրինակով: Թե չէ «պապաների» վատ օրինակով ոգևորվելն ամենախելացի ընտրությունը չի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր