211652_close_icon
views-count7411 դիտում article-date 09:54 09-09-2017

ԱՄՆ-ն Արցախում կյանքեր է փրկում, Ռուսաստանը՝ շարունակում Ադրբեջանի սպառազինումը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների Կոնգրեսը հավանություն է տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը, որը կօգնի փրկել Արցախում բնակվող մարդկանց կյանքեր: Կոնգրեսի որոշմամբ՝ Միացյալ Նահանգները 1,5 միլիոն դոլար հավելյալ գումար է հատկացնելու Արցախի տարածքում ականազերծման հետագա աշխատանքների համար։ ԱՄՆ-ի արտաքին հատկացումների վերջնական նախագիծը հավանաբար Կոնգրեսում քվեարկության կդրվի ուրբաթ երեկոյան: Միացյալ Նահանգները 2000 թվականից ի վեր, նաև ԱՄՆ հայ համայնքի ազդեցության շնորհիվ, անընդմեջ խոշոր ֆինանսական միջոցներ է հատկացրել HALO TRUST-ին՝ Արցախում ականազերծման աշխատանքներ կատարելու համար: Այս անգամ հատկացվող 1,5 միլիոն դոլարի փոխանցումը թույլ կտա կազմակերպությանը շարունակել կարևորագույն աշխատանքը: «Արցախի ընտանիքներին ականների վտանգից ազատելու կարևորությունն անհերքելի է»,- ընդգծել է նախաձեռնության հեղինակ, կոնգրեսական Վալադաոն: ԱՄՆ-ի խորհրդարանական այս նախաձեռնությունն ուղղակի կապ չունի ԵԱՀԿ Մինսկի խմբում նրա միջնորդական մանդատի, առաքելության հետ, սակայն ամբողջացնում է Վաշինգտոնի խաղաղարար, հաշտարար գործունեությունը Արցախյայան կարգավորման գործընթացում: Միջնորդական առաքելությունը ենթադրում է ոչ միայն դիվանագիտական ջանքեր, այլ նաև գործունեության հումանիտար ասպեկտ, պատերազմի հետևանքների վերացում, ինչն ամբողջությամբ գիտակցվում է Վաշինգտոնում: Սրան հակառակ՝ Մոսկվան Արցախյան կարգավորման գործընթացում, ըստ էության, միջնորդական առաքելություն չի իրականացնում՝ փորձելով կառավարել հակամարտությունը, ինչպես դա անում է Արևելյան Ուկրաինայում: Այդ նպատակով Ռուսաստանը սպառազինում է հակամարտության կողմերին, հատկապես Ադրբեջանին՝ ըստ անհրաժեշտության հող նախապատրաստելով նոր կառավարելի պատերազմի համար, որը ճանապարհ կբացի հակամարտության գոտում ռուսական ռազմական ներկայության համար: Այս նպատակին է ծառայեցվում նաև Մոսկվայի դիվանագիտական գործունեությունը Մինսկի խմբում: Հատկանշական է, որ հենց այն օրը, երբ Վաշինգտոնում քննարկվում է Արցախում կյանքեր փրկելու նախաձեռնությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման հարցում։ Այս մասին նա ասել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը: Այսինքն՝ Մոսկվան մտադիր է շարունակել Ադրբեջանի սպառազինումը: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր