211652_close_icon
views-count6234 դիտում article-date 16:24 08-09-2017

IWF-ի նախագահը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա

Այսօր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական նամակ է ստացել միջազգային ֆեդերացիայի նախագահ Տամաշ Այանից: IWF-ի նախագահը նշել է, որ 2017 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին որակազրկելու տեղեկությունն առայժմ ոչ պաշտոնական է: Նամակում մասնավորապես նշված է. «Մենք արդեն տեղեկացրել էինք 2016 թվականի հունիսի 22-ին Թբիլիսիում կայացած ժողովում ընդունված որոշման մասին: Ըստ այդ որոշման, պատժամիջոցներ պետք է կիրառել այն հավաքականների նկատմամբ, որոնց երեք և ավելի մարզիկների դոպինգ թեստերը դրական արդյունք են ունեցել 2008 թ. և 2012 թ. օլիմպիական խաղերի ժամանակ: Այժմ համապատասխան հանձնաժողովը պետք է որոշում ներկայացնի գործադիր կոմիտեին: Որոշումը կհամարվի պաշտոնական միայն գործադիր կոմիտեի ժողովից հետո՝ ձեզ ուղարկված նամակով: Այդ մասին կհաղորդենք որքան հնարավոր է շուտ»: Հայաստանի հակադոպինգային ծառայության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ իրենք ևս ինֆորմացիա են ստացել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից: Նամակում նշված է, որ ստեղծվել է «Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մաքուր սպորտի հանձնաժողով», որը քննարկումներ կկատարի և սեպտեմբերի 12-ի իրենց ժողովում առաջարկներ կներկայացնի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեին: Այդ առաջարկները վերջնական կքննարկվեն սեպտեմբերի 30-ին՝ Բուխարեստում կայանալիք միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեի ժողովում: Արեգ Հովհաննիսյանի կարծիքով՝ ֆեդերացիաներին կպատժեն ըստ դոպինգ թեստերի դրական արդյունքների քանակի և վերջին տարիներին մարզիկների պահվածքի:

Նմանատիպ նյութեր