211652_close_icon
views-count8909 դիտում article-date 16:09 08-09-2017

«Ելք»-ը ԵՏՄ-ից դուրս գալու ԱԺ որոշման նախագիծ է ներկայացրել

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ է ներկայացրել: Այդ կապակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խմբակցությունը նիստ է անցկացրել, որի ընթացքում ընդունվել է օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ որոշումը։ Որոշման նախագիծը. «Հայտարարությունը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈւԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈւ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ • Արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միությանը (այսուհետ՝ ԵԱՏՄ) միանալու արդյունքում էական հետընթաց է տեղի ունեցել սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում, ինչպես նաեւ չի ամրապնդվել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, • Փաստելով, որ ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի, • Ընդգծելով, որ ԵԱՏՄ անդամակցության հետեւանքով առաջնային անհրաժեշտության եւ լայն սպառման շուրջ 900 անուն ապրանք Հայաստանի Հանրապետության տարածքում անխուսափելիորեն թանկանալու է, • Մտահոգված լինելով, որ ԵԱՏՄ անդամակցությունը սահմանափակում է երրորդ երկրների, այդ թվում անմիջական հարեւաններ Վրաստանի եւ Իրանի, հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացմանը, • Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ համաձայնագրով երաշխավորված բազմաթիվ դրույթների խախտմամբ չի ապահովում աշխատուժի, ապրանքների, ֆինանսական միջոցների եւ ծառայությունների ազատ տեղաշարժը, • Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն նպաստում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով վերջինիս բանակի տեխնիկայի եւ հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85%-ից ավելին, այդ թվում՝ գերժամանակակից հզոր եւ հակամարդկային զինատեսակներ։ Որպես հետեւանք՝ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցելուց հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եւ ծավալներն ավելացել են, եւ ԼՂ հակամարտության գոտում՝ 1994 թվականի զինադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր հայկական կողմն առաջին անգամ էական տարածքային կորուստներ է ունեցել՝ 2016 թվականի ապրիլյան Քառօրյա պատերազմում, • Փաստելով ԵԱՏՄ անդամ երկրներում առկա ավտորիտար ավանդույթների շարունակական ներմուծումը Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգ, քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների սահմանափակումների, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտումների աճը ԵԱՏՄ անդամակցությունից հետո եւ ծայրահեղ վտանգավոր ու անընդունելի համարելով այս գործընթացի հետագա շարունակությունը, Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայտարարում է՝ • Հայաստանի Հանրապետությունը պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ եւ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունն իր մասով դադարեցնելու գործընթաց սկսի»։

Նմանատիպ նյութեր